Օրվա ընթացքում հակառակորդը կրակել է Մարտունու և Հադրութի ուղղություններում. ՊԲ

Օրվա ընթացքում Արցախի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման մասին ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը, բացառությամբ հակառակորդի կողմից մի քանի խախտման դեպքերի: Այս մասին տեղեկացնում է այսօր՝ ապրիլի 14-ին՝ ժամը 20:15 ՊԲ կայքում հրապարակված հաղորդագրությունը:

Մանավորապես` ժամը 12:10-ի սահմաններում առաջնային գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 մմ ականանետ (2 արկ), իսկ ժամը 15:25-ի սահմաններում հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ` ԱԳՍ-17 տիպի նռնականետ (6 արկ):

Հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվել նաև առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի կորստի մասին այսօրվա հայտարարությանը. «Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Ռուստամ Ահմեդովի զոհվելու մասին տեղեկատվության տարածումը, որն իբր տեղի է ունեցել հայկական կողմի մեղքով, ոչ այլ ինչ է քան իրադրությունը արհեստականորեն սրելու նպատակ հետապնդող ապատեղեկատվություն»:

Հիշեցնենք, որ օրվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուրեր է տարածել, թե իրենց զինծված ուժերի զինծառայողը մահացել է հայկական դիվերսիոն խմբի դեմ մարտում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *