Ապրիլի 13-ի օրվա ընթացքում Արցախի շփման գծի առանձին հատվածներում հակառակորդի կողմից շարունակվել է խախտվել կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածությունը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:
Մասնավորապես, ժամը 17:15-18:00-ի սահմաներում առաջնագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 մմ ականանետ (4 արկ), իսկ 17:50-ի սահմանում՝ 60 մմ ականանետ (8 արկ)՝ Թալիշի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածություններին և պատասխան քայլեր են ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀՀ ՊՆ / ՊԲ հրապարակած հաղորդագրությունների համաձայն՝ գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կատարել է 12 խախտում և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ:
Արցախի ուղղությամբ էլ ադրբեջանական զինուժը կատարել է 106 խախտում դիպուկահարներով ու ականանետներով: Իրավիճակը կայունացնելու նպատակով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդին պատասխանել են 23 անգամ:
Գիշերը հակառակորդի խախտումների հետևանքով վիրավորվել է ՊԲ 1 զինծառայող: