Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին և քննարկել ապրիլի 2-ից 5-ը Արցախում շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի ագրեսիվ ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների աճյունների հայտնաբերման և անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին՝ ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ներկայացուցիչների միջնորդությամբ տեղի ունեցած զինծառայողների մարմինների փոխանակման աշխատանքների իրականացման համար, որի արդյունքում ապրիլի 10-ին հայկական կողմին են փոխանցվել 18 զինծառայողների աճյուններ:
Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարին տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր 18 աճյունները ենթարկվել են դիակապտության և անարգանքի, ինչը հանդիսանում է ոչ միայն 1949թ. Ժնևյան բոլոր չորս կոնվենցիաների 3-րդ ընդհանուր հոդվածի (Common Article 3) առաջին կետի երկրորդ պարբերության (a) ենթակետի (անձի և կյանքի դեմ բռնությունը, մասնավորապես բոլոր տեսակի սպանությունները, խոշտանգումները, դաժան վերաբերմունքը և կտտանքները), 1949թ. Ժնևյան 4-րդ կոնվենցիայի 130-րդ հոդվածի 1-ին պարբերության, ինչպես նաև 1949թ. Լրացուցիչ երկրորդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանող դրույթների կոպտագույն խախտում, այլ նաև ծանր հանցագործություն՝ ցանկացած իրավական պետության քրեական օրենսդրության համաձայն:
Դավիթ Տոնոյանը նաև նշել է, որ հայկական կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները ենթարկվեն միջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Արցախի շփման գծի Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ հայկական կողմին հանձնվել է զոհվածների 18 մարմին։