Զոհերի մարմինների փոխանակման ժամանակ ադրբեջանական կողմին հանձնվել է 13 դի

Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացված փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին հանձնվել է 13 դի: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, տեղեկացնում է հայաստանյան Մեդիամաքս լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանին։

«13 մարմին եղել է մեր տարածքում, սակայն առաջնագծին շատ մոտ կան հակառակորդի տասնյակից ավել դիակներ։ Հայկական կողմի համաձայնությամբ այդ տարածքում ադրբեջանցիներն իրենք կհավաքեն իրենց զոհերի մարմինները՝ դիտորդների ներկայությամբ»,— հայտնել է Սենոր Հասրաթյանը։

ՊԲ մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ քանի դեռ ադրբեջանական կողմը շարունակում է իր զոհերի մարմինների դուրսբերման աշխատանքները, հստակ չի կարող ասել, թե հակառակորդը քանի դի է դուրս բերել առաջնագծին մոտ տարածքից։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը ԿԽՄԿ և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել էին զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել էր ՊԲ 2 զինծառայողի մարմին:

Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ էլ հայկական կողմին հանձնվել է զոհված 18 զինծառայողի մարմին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *