Ի՞նչ է պայթել Սումգայիթում. հակասական լուրեր Ադրբեջանից

Ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի Սումգաjիթ քաղաքում սինթետիկ լվացող պարագաների «Կենցաղային ապրանքներ» գործարանի արտադրամասում զոդման ժամանակ առաջացած պայթյունների և դրանց հետևանքով բռնկված հրդեհի հետևանքով 3 մարդ մահացել է, 10-ը՝ վիրավորվել:
Գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի իրավապահ մարմիններում իր աղբյուրը, հայտնում է, որ արտադրամասի տարածքում երկուշաբթի երեք պայթյուն է տեղի ունեցել: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել փայտամշակման ցեխում: Այնուհետև պայթել են ցեխին մոտ գտնվող վառելանյութի երկու ցիստեռները: Որոշ ժամանակ անց տեղի է ունեցել երրորդ պայթյունը:

Ադրբեջանի նավթային ընկերության (SOCAR) մամլո ծառայության ղեկավար Նիզամմեդին Գուլիևը հայտնել է, որ այդ արտադրամասը SOCAR-ի ենթակայության ներքո չէր:

Միևնույն ժամանակ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկալակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության և ԱԻՆ հայտարարությունները, հայտնում է, որ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում պայթյունի և դրա հետևանքով բռնկված հրդեհի պատճառով երկու մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, իսկ մեկն անհետ կորած է համարվում:

«Սումգաjիթի շտապ օգնությունից հայտնել են, որ հիվանդանոց 8 մարդ է տեղափոխվել ծխային թունավորում ախտանիշով»,— հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ ավելի վաղ ՌԻԱ Նովոստին՝ հիմնվելով Ադրբեջանի ոստիկանության տարածած տեղեկությունների վրա, հայտնել էր, որ պայթյունի հետևանքով վեց մարդ է մահացել: Միաժամանակ ադրբեջանական 1news.az լրատվականը հայտնել է 5 զոհվածի մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *