Զոհված ամերիկացի զինվորների աճյուններն աղբանոց են նետվել

ԱՄՆ-ում թափ է հավաքում նոր սկանդալ։ Պարզվել է, որ տարիներ շարունակ զոհված զինծառայողների աճյունները, դիակները կամ դիակների մնացորդները Դովերի ավիաբազայի դիակիզարանում այրելուց հետո, նետվել են Վիրջինիայի աղբանոց։ Այս լուրը շոկի մեջ է գցել զոհված զինծառայողներից շատերի հարազատներին, ովքեր մինչ այդ կարծում էին, որ իրենց հարազատի աճյունը զինվորական պատիվներով հողին է հանձնվել և միայն տարիներ անց Դովերի ավիաբազայից նամակ են ստացել, որից էլ իմացել են ճշմարտությունը։

«Ամուսնուս կորստից հետո միակ մխիթարանքս այն էր, որ նրան թաղել են Դովերում, և որ իր աճյունին վերաբերվել են արժանապատվությամբ, սիրով, հարգանքով ու պատվով։ Ամեն ինչ փշրվեց, երբ իմացա, որ նրա աճյունն աղբանոց են նետել։»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գարի-Լին Սմիթը` 2006 թվականին Իրաքում զոհված Սկոտ Ռ. Սմիթի այրին։ Ամուսնու զոհվելուց հետո 4 տարի շարունակ Գարի-Լին Սմիթը փորձել էր պարզել, թե որտեղ է թաղվել իր ամուսինը, և միայն այս տարվա ապրիլին են նրան տեղեկացրել, որ նրան այրել են իսկ աճյունը նետել աղբանոցը։

Այս պատմության կապակցությամբ Նյու Ջերսիից կոնգրեսական Ռուշ Հոլթը դեռ երկու ամիս առաջ պաշտոնական հարցում էր ուղարկել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետին, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել։ Այս ֆոնին տարօրինակ է Պանետի անցած հինգշաբթի արած հայտարարությունը, որ թեև ինքն իմացել է Դովերի ավիաբազայում մոտ 18 ամիս շարունակվող ավելի լայնամասշտաբ հետաքննության մասին, բայց աճյուններն աղբանոց նետելու պրակտիկայի վերաբերյալ տեղեկացել է օրեր առաջ «Վաշինգտոն Փոստ»-ից։ Իր հերթին պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Հոլթի հարցման վերաբերյալ իրենք տեղեկություններ են հավաքում։

Պատմությանն արձագանքել է նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերը. ՌՕՈՒ ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Դարել Ջոնսը խոստովանել է, որ մի քանի տարի շարունակ դա եղել է ընդունված պրակտիկա, սակայն 2008 թվականի կեսից այն դադարեցվել է, և աճյուններն այժմ «թաղվում են ծովում»։ Դարել Ջոնսը չի պատասխանել այն հարցին, թե քանի զինծառայողի աճյուն է աղբը նետվել, բայց պարզաբանել է, որ այդպես վարվում էին մարմինների չնույնականացված մասերի հետ, սակայն այս պարզաբանումները չեն հանդարտեցրել բողոքի ու զայրույթի ալիքը։

Դովերի դիահերձարանը հիմնական վայրն է, ուր բերում են արտերկրում զոհված ամերիկացի զինծառայողների մարմինները, իսկ աճյուններն աղբանոց նետելու պրակտիկան կիրառվել է այնտեղ 2003-2008թթ. և հատկապես 2003-2006թթ հատվածում, երբ Իրաքում ու Աֆղանստանում պատերազմի ամենաթեժ շրջանն էր։ Ընդ որում մինչև վերջերս զոհվածների հարազատներից այս ամենը գաղտնի է պահվել։

Dover mortuary landfill dumping: Congressman asked Pentagon about practice in Sept.

Remains of war dead dumped in landfill

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *