Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 15 սեպտեմբերի. թարմացվող լրահոս

16:35 Դաղստանի Ցունտինի շրջանի Խուտրախ գյուղում զինյալների և ուժայինների միջև տեղի ունեցած բախման հետևանքով սպանված զինյալների թիվը հասել է հինգի: Նրանց թվում է նաև այսպես կոչված «Ցունտինյան» զինված խմբավորման ղեկավար Գամզատ Մագոմեդովը:
Բախման հետևանքով Դաղստանի ուժային կառույցի երեք աշխատակից վիրավորվել է, մեկը՝ մահացել:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տարածած տեղեկությունները:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր բախման հետևանքով երեք զինյալի և նույն թվով ուժայինների սպանության մասին:

***

16:23 Հնարավոր ահաբեկչությունների կանխարգելման, ինչպես նաև թաքնվող զինյալների հայտնաբերման նպատակով երեկ Կաբարդինո Բալկարիայի Էլբրուսի և Բաքսանի շրջաններում հակաահաբեկչական ռեժիմ է մտցվել:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԿԲՀ օպերատիվ շտաբի աշխատակցի խոսքերը:
Հակաահաբեկչական ռեժիմը ենթադրում է համապատասխան տարածքում հսկողության խստացում, փաստաթղթերի ստուգում, կապի արգելափակում և այլ սահմանափակումներ:

***

15:15 Այսօր ժամը 10:30-ի սահմաններում Դաղստանի Ցունտինի շրջանի Խուտրախ գյուղում իրականացված հատուկ միջոցառումների ընթացքում Դաղստանի ուժայինների և զինյալների միջև տեղի ունեցած զինված բախման հետևանքով Դաղստանի ոստիկանության երեք աշխատակից է զոհվել:
Ուժայիններին հաջողվել է նաև երեք զինյալ վնասազերծել:
Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Դաղստանի ՆԳՆ աղբյուրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *