Կանայք դժգոհ են նախարարի հայտարարությունից. ամփոփում

Այսօր մամուլի ուշադրության կենտրոնում էին հետևյալ թեմաները՝ ՊՆ-ում կայացավ նիստ, որին մասնակցեցին նախարարն ու զինդատախազը, նախարարն ընդունեց «Վարդանանք»-ի ներկայացուցիչներին, ինչպես նաև մամուլը չէր անտեսել Հանրային հեռուստաընկերությանը տված նախարարի հարցազրույցը, որը որոշ դժգոհությունների առիթ էր տվել։

Ըստ այդմ, նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ զինված ուժերի գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերանայման և առաջարկությունների մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանն իրենց ելույթներում նշեցին, որ խմբի գործունեությունն ուղղված կլինի զինված ուժերի գործունեությունը կարգավորող կամ ոլորտին առնչվող այլ իրավական ակտերի վերանայմանը, իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների մշակմանը, ինչպես նաև զինված ուժերում հանցավորության մակարդակի բարձրացմանը նպաստող գործոնների հայտնաբերման ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացմանը և դրանց վերացման կամ ազդեցության նվազեցման վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը:

Այնուհետև ՊՆ-ում ղեկավար այրերը հանդիպել են ԵՊՀ-ի  «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամներին, ովքեր՝ արցախյան պատերազմի ժամանակ ԵՊՀ-ի զոհված ուսանողների ծնողները, զավակները, ինչպես նաև համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներն են:

Որոշ չափով աղմկահարույց էր նախարարի՝ նոյեմբերի 14-ի Հանրային հեռուստաընկերության «1-ին հարցազրույց» ծրագրին տված հարցազրույցը, որի ընթացքում հնչած հետևալ նախադասությունն անարձագանք չէր մնացել. «Բայց մենք անհանդուրժող ենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր ուզում են փնովել բանակը, զրոյի հավասարեցնել մեր աշխատանքը, ընդ որում, այնպիսի մարդիկ, որոնց որոշ մասը բանակում չի ծառայել: Այդ դեպքում ես այսպես եմ արտահայտվում՝ իսկ դատավորները ովքե՞ր են, իսկ դուք ո՞վ եք, որ կարող եք մեզ դատել: Մեզ կարող են դատել մասնագիտացած, մեզ հետ աշխատանքով թրծված մարդիկ: Բայց, այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք երկխոսության, պատրաստ ենք ընդունել բոլոր առողջ առաջարկները»:

Նախարարի տեսակետի հետ համաձայն չէ Նաիրա Հայրումյանը և գրում է. «Հենց այդ արտահայտությունն է տարակուսանք առաջ բերել: Առաջին հերթին, բանակի մասին դատելու համար անպայման չէ նրանում ծառայել: Փաստացի, Օհանյանը զրկում է Հայաստանի գեղեցիկ սեռին խոսել բանակի մասին, որտեղ օրենքով կանայք չեն ծառայում:

Երկրորդ, ոչ ոք պարտավոր չէ իմանալ, թե ինչ է կատարվում բանակում, որպեսզի դատի: Վերջիվերջո, մարդիկ դատում են այն բանի վերաբերյալ, ինչ տեղեկատվական տարածությունում է հայտնվում, եւ եթե նախարարը անհրաժեշտ չի համարում տեղեկատվություն տրամադրել, թե ում ինչի համար են պատժել, հասարակությունն ունակ չէ ինքնուրույն պարզել»։

Սրանք այն հիմնական թեմաներն էին, որոնք տեղ էին գտել մամուլում և որոնց հիմնական նպատակը բանակում առկա խնդիրների նվազեցումն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *