Ապրիլի 1-3-ի հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների համառոտ ամփոփագիր

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ծանր զինատեսակներով (հրետանի, ԲՄ-21 ռեակտիվ կայանքներ, ականանետներ) հրետակոծությունից հետո անցնում է հարձակման Արցախի սահմանի հյուսիսարևելյան, հարավային և հարավարևելյան ուղղություններում։ Համաձայն ՊԲ մամուլի ծառայության հաղորդագրության՝ հայկական ուժերը անցնում են պաշտպանության։

Տանկերին հետևում են ինքնագնաց հրետանային համակարգերն ու հետևակի մարտական մեքենաները

Պաշտպանության բանակի ինքնագնաց հրետանային համակարգերը (արխիվ)

Արդեն ապրիլի 2-ի առավոտյան (տեղական ժամանակով 9։10-ին) հայկական կողմը հայտնում է ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված  մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց՝ հայկական պաշտոնական աղբյուրները հայտնում են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։ Շուտով ադրբեջանական որոշ աղբյուրներ ևս գրում են ոչնչացված ուղղաթիռի մասին։

Մոտ մեկ ժամ անց Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց (Երեխաները՝ երեքն էլ Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղից են)։

ՀՀ պաշտպանության նախարարությունը, դատապարտելով Ադրբեջանի նախահարձակ գործողությունը, հայտնում է, որ ՀՀ ՊՆ-ն «միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն»։ Միաժամանակ ՊՆ-ն հայտնում է, որ «մշտական կապի մեջ է օտարերկրյա պետույթունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ»։ Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և հակառակորդը կորուստներ ունի։

Կեսօրից հետո ՊԲ-ն հրապարակում է ադրբեջանական խոցված ԱԹՍ-ի բեկորների լուսանկարները և հայտնում, որ ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի հյուսիսային հատվածում շարքից հանել են 1, իսկ հարավարևելյան ճակատում՝ ադրբեջանական 2 տանկ, ինչպես նաև՝ խոցել հակառակորդի երկրորդ ուղղաթիռը։

Կեսօրից հետո ստացվում են նաև միջազգային առաջին արձագանքները. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունենում ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների հետ։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրուցում է նաև ՌԴ արտգործանախարար Սերգեյ Լավրովը և հայտնում «իրադրության կարգավորման նպատակով ՌԴ ձեռնարկած քայլերի մասին»։

ՌԻԱ գործակալությունը հայտնում է, որ առաջիկայում Վիեննայում նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպում, որը քննարկելու է ստեղծված իրավիճակը և «ձգձգված հակամարտության արագ կարգավորմանն աջակցելու ուղիներ է որոնելու»։ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր թվիթերյան էջում գրում է, որ երկուշաբթի օրը ՄԽ համանախագահները հանդիպելու են։

Ռազմական գործողությունների ծավալման վերաբերյալ առանձին հայտարարությամբ իրենց մտահոգությունն են հայտնում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։

Արտաքին գործերի և ընդհանուր անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնում է, որ «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ծանր մարտերի վերաբերյալ տեղեկությունները խորապես մտահոգիչ են»:

Երեկոյան ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունենում ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ և քննարկում Ադրբեջանի կողմից սանձնազերծած ռազմական գործողությունները: Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ էր արել Արցախի հակամարտության գոտում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել հրադադարը:

Տեղական ժամանակով ժամը 17-ի մոտակայքում Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է, որ մարտական գործողությունների ընթացքում կորցրել է 12 զինվոր, 1 ուղղաթիռ և 1 տանկ։

18։50-ին ՊԲ-ն հայտնում է, որ ադրբեջանական կողմն ունի 200-ից ավելի կորուստ. միայն Արցախի Թալիշի ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման 30 մարտիկ։ Հրապարակվում են նաև սպանված ադրբեջանցի զինվորականների լուսանկարները, ինչպես նաև՝ Արցախի տարածքում ընկած ադրբեջանական ուղղաթիռի բեկորների ու սպանված օդաչուների լուսանկարները։ Ուշագրավ է, որ լուսանկարներում երևացող սպանվածների քանակն արդեն գերազանցում էր ադրբեջանական կողմի հաղորդած տվյալները։

Երեկոյան ժամը 19-ից հետո Հայաստանի ղեկավարության հետ բանակցություններ է անցկացնում նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Ավելի շուտ ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր, որ «Ադրբեջանի գործողությունները սրում են իրադրությունը»։

Ուշ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրում է Ազգային Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ հայտնում, որ հայկական կողմ ունի 18 զոհ և շուրջ 35 վիրավոր։

Ապրիլի 2-ի երեկոյան «Ինտերֆաքս» գործակալությունը ոչ պաշտոնական տեղեկություն է տարածվում, թե Արցախի ԶՈւ ստորաբաժանումների շրջապատման մեջ են հայտնվել ադրբեջանական զինվորներ և 5 տանկ։

Ուշ երեկոյան Ադրբեջանի ՊՆ մամուլի քարտուղարը հայտարարում է, թե հրաձգությունը շփման գծում դադարել է։ Սակայն ապրիլի 3-ի վաղ առավոտյան ՊԲ հաղորդագրությունը հայտնում է, որ տեղական ժամանակով ժամը 6։00-ից ադրբեջանական կողմը վերսկսել է ռազմական գործողությունները։

Նույն օրը ԼՂՀ ՊԲ-ն հայտնում է, որ հայկական ստորաբաժանումները Թալիշի (Արցախ) ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական ԶՈւ 2 տանկ և հետևակի մարտական 1 մեքենա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *