Մոհամեդ մարգարեին վիրավորող ամերիկյան ֆիլմի պատճառով հակաամերիկյան ցույցերի ալիքը շարունակվում է

Ռոյթերս գործակալությունը հայտնում է, որ Յեմենի Սանա քաղաքում սեպտեմբերի 12-ին հարյուրավոր ցուցարարներ հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա: Անվտանգության աշխատակիցները օդ կրակելով փորձել են հետ մղել ցուցարարներին, բայց դա նրանց չի հաջողվել, ցուցարարներից ոմաք անցել են դեսպանատան պարիսպը և հրկիզել այնտեղի ավտոմեքենաները և ԱՄՆ դրոշը: Որոշ ժամանակ անց անվտանգության աշխատակիցները ցուցարարներին դուրս են մղել դեսպանատան տարածքից: Բախումների պատճառով վիրավորվել է 15 մարդ և 12-ը ձերբակալվել:

Սեպտեմբերի 11-ից ցույցերը շարունակվել են նաև Եգիպտոսում: 500-ի մոտ ցուցարարներ քարեր են նետել և փորձել են մտնել դեսպանատան տարածք: Ցուցարարները երկու ոստիկանական բեռնատար և մեկ մարդատար մեքենա են հրկիզել: Անվտանգության աշխատակիցներին հաջողվել է ցուցարարներին հետ մղել դեսպանատնից դեպի Թահիրի հրապարակ, ուր բախումները շարունակվել են: Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են որ բախումների պատճառով 30 հոգի վիրավորվել է, 12-ը ձեռբակալվել:

Թեհրանում մոտ 500 ցույցարար հավաքվել են ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանատան դիմաց և պահանջել ֆիլմը ստեղծողների մահը: Հնչել են նաև «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրաելին» կոչերը: Դեսպանատունը պաշտպանվում է ոստիկանների մեծ խմբի կողմից տեղեկացնում է շվեցարական «Թագես-Անզեիգեր» (Tages-Anzeiger) թերթը:

Հիշեցնենք, որ Լիբիայի Բենգազի քաղաքում նմանատիպ հարձակման ժամանակ զոհվել է ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Ստեվենսը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *