«ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին անմիջապես զեկուցվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում իրավիճակի լարման մասին: Մոտակա ժամերին նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարելու Երևանում», — Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Այսօր՝ ավելի վաղ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն էր հրավիրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս աննախադեպ գործողությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման տապալմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հերթական անթաքույց դրսևորումն է: «Հայկական զինուժը՝ զգալի կորուստներ հասցնելով և հետ շպրտելով հակառակորդին, լիովին վերահսկում է իրավիճակը: Հայաստանի Հանրապետության պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի»:
ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է իրավիճակի վերաբերյալ՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր աննախադեպ գործողություններ են ձեռնարկվել հակառակորդի կողմից. այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական զինված ուժերը հակառակորդին արժանի հակահարված են հասցրել: