2016թ մարտի 29-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, «Արմավիրի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում քաղաքացին կախվելով ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը։
ՀՀ քննչական կոմիտեի՝ դեպքի վայր է մեկնած քննչական-օպերատիվ խումբը տեղում պարզվել է, որ ինքնասպան եղածը ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի սպա Մեսրոպ Ղուրշուդյանն է (ծնված 30.01.1987թ), ով այդ տանն ապրում էր վարձով:
Ղուրշուդյանի դին հայտնաբերվել է լոգարանում՝ առաստաղի վրայով անցնող մետաղյա անկյունակից պարանով կախված:
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)։
Դեպքի վայրի զննության ժամանակ առգրավվել է Ղուրշուդյանի համակարգիչը, բջջային հեռախոսը, գրառումներով տետր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: