Մարտի 28-ին թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը տվյալներ է հրապարակել 2015-ի հուլիսից Թուրքիայի արևելքում քրդերի հետ զինված բախումներում երկու կողմերի և խաղաղ բնակիչների զոհերի մասին։ Հրապարակման համաձայն՝ սպանվել է 355 թուրքական ուժային, 3583 քուրդ զինյալ, 285 խաղաղ բնակիչ: Այս մասին նշվում է «Անադոլուի» հաղորդագրությունում:
Նշվում է, որ 2015-ի հուլիսի 7-ից 2016-ի մարտի 7-ն ընկած 265 օրվա ընթացքում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ մարտերում սպանվել է 215 զինծառայող, 133 ոստիկան, 7 «գյուղական պահապան»»:
Ռազմական բախումների հետևանքով սպանվել է 285, վիրավորվել` 897 խաղաղ բնակիչ, այդ թվում նաև օտարերկրյա քաղաքացիներ: PKK-ի շրջանում զոհերի թիվը հասնում է 3583-ի, վիրավորներինը` 601-ի:
Մինչ այս՝ 2015-ի հոկտեմբերին, «Անադոլուն» հայտնել էր, որ Թուրքիայի ուժային ծառայությունների և PKK բախումներում հուլիսի 7-ից մինչև հոկտեմբերի 6-ը սպանվել է 141 ուժային, 37 քաղաքացիական անձ, վիրավորվել` 483 ուժային և քաղաքացիական:
Միայն Թուրքիայի սահմաններում բախումներում հուլիսի 22-ից սկսած PKK-ն տվել էր 204 զոհ, 128 զինյալ գերի է ընկել: Թուրքիայում և Իրաքում քրդերի դիրքերին հասցված ավիահարվածների և բախումների հետևանքով ընդհանուր առմամբ սպանվել է 1707 քուրդ զինյալ:
Այսինքն, PKK-ի նշված զոհերի միայն փոքրագույն մասն են եղել անմիջապես թուրքական ուժայինների հետ զինված բախումներում ընդգրկված զինյալներ: Մնացածները զոհվել են թուրքական ուժայինների ավիահարվածների, հրետակոծությունների, արկակոծությունների հետևանքով:
Վերջիններիս ամբողջությամբ «զինյալ» որակելու համար բավարար փաստեր, ապացույցներ չկան: Որոշ աղբյուրներ բազմիցս հայտնել են, որ թուրքական պաշտոնական տվյալներում իբրև «ահաբեկիչ» ներկայացվող զոհերի մի մասը խաղաղ քուրդ բնակիչներ են եղել:
Նշենք, որ թուրքական «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամ» հասարակական կազմակերպության` 2016թ․ հունվարի 9-ին հրապարակված զեկույցում նշվում էր, որ միայն 2015-ի դեկտեմբերից 11-ից մինչև 2016-ի հունվարի 8-ը Թուրքիայի արևելքում ուժայինները սպանել են 79 քաղաքացիական անձ, որոնցից 14-ն անչափահասներ են։
Նույն աղբյուրը 2016-ի մարտի 22-ին հայտնել է, որ 2015-ի օգոստոսի օգոստոսի 16-ից 2016-ի մարտի 18-ը Դիարբեքիր քաղաքի կենտրոնական Սուր վարչական շրջանում, Ջիզրեում, Սիլոփիում, Իդիլում և Դարգեչիդում սպանվել է առնվազն 310 քաղաքացիական: Նշված զեկույցը չի ներառում հուլիսի 7-ից մինչև օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածի քաղաքացիական զոհերի, ինչպես նաև նշված վայրերից դուրս, սակայն ռազմական բախումների վայր հանդիսացող շրջաններում զոհերի մասին տվյալներ:
Բացի այդ, տեղեկություններ չեն հրապարակվում նաև Իրաքի տարածքում քուրդ բնակչության զոհերի մասին՝ չնայած որ թուրքական օդուժի գործողությունների հետևանքով սպանվածները ներառված են «Անադոլուի» ցուցակում` իբրև PKK-ի «ահաբեկիչներ»
Թուրքական ուժայինների շրջանում 355 զոհերի մասին տեղեկությունը ևս կարող է չամփոփել ամբողջական պատկերը:
Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով: