Զինվորական ծառայության կազմակերպմանը տեղում ծանոթանալու և նախորդ այցերի ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքը ստուգելու համար այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է հակաօդային պաշտպանության և ավիացիոն զորամասերում, թիկունքային ստորաբաժանումներում, թռիչքաուսումնական կենտրոնում, զորամասերի հրամկազմի հետ քննարկել է առկա խնդիրները, թիկունքային և սպառազինության ապահովման արդյունավետության բարձրացման հարցերը և առաջիկա հիմնական անելիքները:
Սեյրան Օհանյանն առանձնակի ուշադրություն է դարձրել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված միջոցառումներին, մասնավորապես` ռազմական նշանակության մի շարք օբյեկտների բարեկարգմանն ուղղված կապիտալ շինարարական աշխատանքներին, օժանդակ շինությունների վերակառուցման ընթացիկ ու հեռանկարային ծրագրերին:
Հրամկազմի ներկայացուցիչներին առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ՝ աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի իրականացնելու համար:
Շրջայցի ընթացքում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների պաշտպանության նախարարը խրախուսել է արժեքավոր նվերներով: