ՌԴ 102-րդ ռազմաբազան Ս-300-ներով վարժանքներ է անցկացնում Հայաստանում

Հայաստանի «Կամխուդ» զորավարժարանում մեկնարկել է Ռուսաստանի ԶՈւ՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զենիթահրթիռային ստորաբաժանումների մեկամսյա ուսուցման փուլը, որի ժամանակ ստորաբաժանումները կիրառելու են Ս-300 զենիթահրթիռային համակարգեր և «Շիլկա» ինքնագնաց զենիթային համակարգեր: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, Ռազմինֆոյին տեղեկացրել է ռազմաբազայի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանյան Ս-300Վ զենիթահրթիռային համակարգի արձակման կայան

Ռուսաստանյան Ս-300Վ զենիթահրթիռային համակարգի արձակման կայան

Վարժանքների գործնական փուլում ստորաբաժանումները սովորելու են խոցել պայմանական հակառակորդի առանձին և խմբային օդային թիրախները՝ այդ թվում նաև հակառակորդի կողմից իրականացվող ռադիոխանգարումների, ինչպես նաև տեղորոշիչ կայանների ոչնչացման համար նախատեսված հրթիռների կիրառման դեպքում:

Ստորաբաժանումները վարժանքների ընթացքում լուծելու են հակաօդային պաշտպանության խնդիրներ, այդ թվում՝ ցածր ու բարձր թռչող, մանևրային, բարձր արագությամբ և բալիստիկ թիրախների խոցում ինչպես բացազատված տեղից, այնպես էլ երթի ժամանակ:

Բացի այդ, ռազմաբազայի զենիթայիններն անցկացնում են նաև կրակային, մարտավարական, հատուկ պատրաստության պարապմունքներ և մարտական տեխնիկայի մեքենավարում, ինչպես նաև մարտական հաշվարկների ներդաշնակում:

Զենիթային ստորաբաժանումներն այս վարժանքներով պատրաստվում են ռազմաբազայի հակաօդային պաշտպանության ուժերի՝ «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում անցկացվելիք գործնական զորավարժությանը, որին մասնակցելու են նաև ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) և անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները:

Այս վարժանքներով ռազմաբազայի անձնակազմը պատրաստվում է նաև Ռուսաստանում ու Ղազախստանում ամռանն անցկացվելիք «Միջազգային բանակային խաղեր 2016» մրցաշարի «Երկնքի բանալիներ» և «Մաքուր երկինք» մրցույթներին:

Նշենք, որ «Միջազգային բանակային խաղեր 2016-ին» պատրաստվելու վարժանքները սկսել են նաև 102-րդ ռազմաբազայի տանկային և ՀՄՄ ստորաբաժանումները, ինչպես նաև ականանետային ու նռնականետային հաշվարկները:

Ավելացնենք, որ Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:

Բազան հագեցած է «Սմերչ» և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով,  զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրներով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով, Տ-72Բ տանկերով և այլ սպառազինությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *