Մարտի 26-ին ՀՀ ՊՆ կոլեգիայի հերթական նիստում քննարկվել են մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, առկա խնդիրները և բարելավման ուղիները: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հանրային կապերի վարչությունը։
Նիստի ընթացքում հաշվետու զեկույց է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ով հանգամանալից անդրադարձել է տարեսկզբից մինչ օրս զինված ուժերում մարտական հերթապահության կատարելագործման ուղղությամբ իրականացված միջոցառումներին:
Առաջնագծում իրականացվող ծառայության, ինժեներական արգելափակոցների ու ամրաշինական կառույցների ներկայիս վիճակի, դրանց կատարելագործման ուղիների, այդ առնչությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև զինծառայողների զգոնության աստիճանն առավել բարձրացնելու և հակառակորդի սադրիչ գործողություններին հակազդելու ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հարակից զեկույցներ և առաջարկություններ են ներկայացրել նաև բանակային զորամիավորումների և ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Ընդհանուր առմամբ մատնանշվել է, որ մարտական հերթապահության արդյունավետ կազմակերպման նպատակով հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են մարտական հենակետերի լրակահավորման, հակառակորդի առաջխաղացումը խոչընդոտող ինժեներական կառույցների, ինչպես նաև տեխնիկական նոր հնարավորությունների ներդրման և մարտական հերթապահության կրման պայմանների առավել բարելավմանն ուղղված աշխատանքները:
Ամփոփելով կոլեգիայի նիստը և ի մի բերելով զեկույցներն ու առաջարկները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետագա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել համապատասխան հանձնարարականներ: