Ռուսաստանի ԶՈւ՝ Աբխազիայում տեղակայված ստորաբաժանումները անցկացրել են կրակի կառավարման զորավարժություն, որի ժամանակ ոչնչացրել են պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Զորավարժությանը ներգրավված է եղել ռուսաստանյան ԶՈւ մոտ 200 զինծառայող և մոտ 50 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «Օսա-ԱԿՄ», «Ստրելա-10» և «Իգլա-Ս» զենիթահրթիռային համալիրներ:
Որպես պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքեր կիրառվել են ռուսաստանյան «Օրլան», «Զաստավա», «Գրանատ» ԱԹՍ-ներ:
Զորավարժության ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հակառակորդի՝ մինչև 2 կմ բարձրության վրա և մինչև 200 կմ/ժ արագությամբ թռչող սարքերի հետախուզման, ուղեկցման և պայմանական խոցման վարժանքներ են արել:
Բացի այդ, անցկացվել են նաև դիրքերի զբաղեցման և քողարկման, կապի ապահովման ու ղեկավարման, տեխնիկայի՝ երթայինից մարտական վիճակի տեղափոխման վարժություններ: