Մարտի 24-ին Ադրբեջանի ՊՆ հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում մարտի 19-ին և 20-ին հրազենային վնասվածքներ են ստացել Ադրբեջանի ԶՈւ երկու պայմանագրային զինծառայողներ: Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե զինծառայողները վիրավորվել են հայկական կողմի կրակոցներից:
Մարտի 19-ին հրազենային վնասվածք է ստացել Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, շարքային Ռյուսթեով Ասադ Վահիդ օղլուն (Rüstəmov Əsəd Vahid oğlu), իսկ մարտի 20-ին` կրկին պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հաջանով Նիջաթ Ջեբրայիլ օղլուն (Həsənov Nicat Cəbrayıl oğlu):
Ավելի ուշ Պաշտպանության բանակը համապատասխան հաղորդագրությամբ հերքել է ադրբեջանական կողմի այն պնդումները, որ զինծառայողները վիրավորվել են հայկական կողմի կրակի հետևանքով` նշելով, որ Ադրբեջանի ՊՆ-ն պատճառները պետք է փնտրի իր բանակում:
Առավել վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ մարտի 23-ին և լույս 24-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1100 կրակոց:
Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԱԳՍ-17 տիպի նռնականետ (2 արկ):