ՀԱՊԿ-ում քննարկվել է Ղրղզստան-Ուզբեկստան սահմանի լարվածությունը

Մարտի 22-ին Ղրղզստանի նախաձեռնությամբ հրավիրվել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանում լարվածությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ կայքը:

Երկու երկրների սահմանում լարվածություն աճել է այն բանի պատճառով, որ ըստ ղրղզական կողմի՝ Ուզբեկստանը չհստակեցված սահմանի վրա նոր անցակետ է դրել ու զինծառայողներ տեղակայել այնտեղ:

ՀԱՊԿ մշտական խորհրդի քննարկման արդյունքում որոշվել է շարունակել խորհրդատվությունները ղրղզական կողմի հետ, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանին գործուղել Ղրղզստան՝ տեղում իրավիճակին ավելի մանրամասն ծանոթանալու համար: Միաժամանակ խնդրի վերաբերյալ հեռախոսային քննարկումներ են անցկացվում նաև ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների և ՀԱՊԿ քարտուղարի մասնակցությամբ:

Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանային լարվածության պատճառն այն էր, որ Ուզբեկստանը մարտի 18-ին սահմանային անցակետերից մեկում երկու զրահափոխադրիչ և զինծառայողներ էր կենտրոնացրել, ինչի պատճառով Ղրղզստանում Ուզբեկստանի դեսպանին բողոքի նոտա էր հանձնվել, ըստ որի ուզբեկական կողմի նման գործողությունները կարող են սահմանային շրջաններում ազգամիջյան լարվածության պատճառ դառնալ (ինչպիսիք նախկինում եղել են):

Սակայն Ուզբեկստանն իր հերթին պաշտոնապես հայտարարել է, որ անցակետում ծառայությունն ուժեղացվել է Նովրուզի տոնական օրերին հնարավոր խնդիրներից խուսափելու համար, և Ղրղզստանին կոչ է արել զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց:

Ավելի ուշ կողմերը պայմանավորվել և նվազեցրել են զինծառայողների քանակը սահմանային անցակետի հատվածում, իսկ քաղաքացիականների անցուդարձի համար խոչընդոտներ չեն եղել:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա կազմակերպության կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ անդամներից մեկի վրա ագրեսիայի սպառնալիքի դեպքում մյուս անդամները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել ագրեսիայի ենթարկվող երկրին, եթե վերջինս նման խնդրանքով դիմում է ՀԱՊԿ-ին: Ներկայում կազմակերպության կազմում են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը: 1992-1999 և 2006-2012 թվականներին ՀԱՊԿ անդամ է եղել նաև Ուզբեկստանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *