Մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզում կայացել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի պաշտոնական բացումը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և կենտրոնի բացման կապակցությամբ Ռուսաստանից ժամանած պաշտոնական պատվիրակությունը` Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Վլադիմիր Պուչկովի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ ԱԻ նախարարը նշել է, որ կենտրոնի ստեղծումը համապատասխանում է այն առաջնահերթություններին, որոնք ուրվագծել է ՀՀ նախագահը ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամանակահատվածում: Նախարարի խոսքով՝ կենտրոնի բացումը կարևոր քայլ է` ուղղված երկու պետությունների ուժերի, կարողությունների, ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման և ՀԱՊԿ-ի պատասխանատվության տակ գտնվող տարածքների բնակչության անվտանգության ապահովման բարձրացմանը:
— Կենտրոնի ստեղծման նպատակն է զարգացնել և ամրապնդել ԱԻ հետևանքների կանխարգելման և վերացման մեխանիզմները և միջոցները: Այն կբարձրացնի բնակչության պաշտպանվածությունը, կապահովի ԱԻ դեպքերին համատեղ օպերատիվ արձագանքում, ինչպես նաև՝ հնարավոր դեպքերի մշտադիտարկումը և կանխատեսումը: Մարդասիրական կենտրոնը կարձագանքի ոչ միայն Հայաստանում պատուհասած աղետներին, այլև օգնության ձեռք կմեկնի բոլոր այն երկրներին, որոնք օգնություն կխնդրեն մեզանից, — նշել է ԱԻ նախարար Երիցյանը:
Բացման արարողությունից հետո ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարները Հայաստանի Նախագահի ներկայությամբ ստորագրել են ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կեցության պայմանների, անձեռնամխելիությունների և արտոնությունների մասին համաձայնագիրը:

ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարները Հայաստանի նախագահի ներկայությամբ ստորագրել են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կեցության պայմանների, անձեռնամխելիությունների և արտոնությունների մասին համաձայնագիրը
Երկու պետությունների արտակարգ իրավիճակների նախարարների, ՀՀ պաշտպանության նախարարի ուղեկցությամբ նախագահը Սարգսյանը պաշտոնական արարողությունից հետո շրջել է նորաբաց կենտրոնում, այցելել ճգնաժամային կառավարման կենտրոն, փրկարարական աշխատանքների կառավարման վրանային ճամբար, ծանոթացել նորաբաց տարածաշրջանային կենտրոնի գործունեության պայմաններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:
Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Այն կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:
Կենտրոնի ստեղծումը պայմանավորված է ոչ միայն «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով, այլև համապատասխանում է «ՀԱՊԿ շրջանակներում արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման» ծրագրին և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման միջազգային ռազմավարությանը: Կենտրոնի հիմնումը նպատակ ունի նաև զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների` արտակարգ իրավիճակներին հավաքական արձագանքման կարողությունները:
Կենտրոնի գործառույթներն են`
- մասնակցություն արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և վերացմանն ուղղված միջոցառումներին` ներառյալ հրդեհաշիջման աշխատանքների իրականացում,
- արտակարգ իրավիճակներից տուժած բնակչությանն անհետաձգելի մարդասիրական օգնության ցուցաբերում,
- ՀՀ և այլ երկրների տարածքներում համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացում,
- մասնագետների պատրաստում և մարդասիրական ականազերծման նախագծերի իրականացում,
- արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում մասնագետների ուսուցում և որակավորման բարձրացում,
- ժամանակակից հրշեջ-փրկարարական միջոցների և տեխնոլոգիաների փորձարկումների իրականացում:
ՀՀ ԱԻ նախարարությունը կենտրոնի տեղակայման համար հատկացրել է Կոտայքի մարզի Գետարգել համայնքի վարչական տարածքում գտնվող 17.5 հա մակերեսով տարածք: Նախատեսվում է, որ հենց սկզբնական փուլում ՌԴ կողմը կմատակարարի համապատասխան գույք, տեխնիկա և սարքավորումներ արձագանքող ստորաբաժանումների համար, մասնավորապես.
- ռոբոտոտեխնիկական համակարգեր (հրդեհաշիջման և սակրավորական)
- հրշեջ, լեռնափրկարարական, վթարափրկարարական, ջրափրկարարական մեքենաներ և ավտոսանդուղքներ
- վթարափրկարարական գործիքներ
- լեռնափրկարարական լրակազմ
- մոտորանավակներ
- ջրափրկարարական համազգեստներ
- որոնման սարքավորումներ
- «Օմեգա» շնչառական ապարատներ
- ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկա
- ամենագնացներ
- արագ արձագանքման փրկարարական տեխնիկա
- անօդաչու թռչող սարքեր
- իրազեկման և ազդարարման շարժական միջոցներ և այլն:
- Համաձայնություն է ձեռք բերվել նաև կենտրոնի ավիացիոն բաղադրիչի վերաբերյալ` Ռուսաստանը հերթապահություն իրականացնելու համար կենտրոնին տրամադրելու է ինքնաթիռներ (Իլ-76, Բե-200) և ուղղաթիռներ (Մի-26, Կ-32):
Կենտրոնի ստեղծման նպատակով ռուսական կողմի ներդրումը 2016-2018 թթ. համար կազմում է 34 մլն ԱՄՆ դոլար և իրականացվելու է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության միջոցով (ՔՊՄԿ):
Դեռևս 2012 թ. ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունները ստորագրել են «Մարդասիրական արձագանքման համատեղ կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ արձանագրություն», իսկ 2013 թ. հաստատվել է «Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի ծավալմանն ուղղված համատեղ միջոցառումների պլանը»:
ՀՀ կառավարությունը 2013 թ. նոյեմբերի 7-ի թիվ 1219-Ա որոշմամբ հավանություն է տվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: 2015 թ. մայիսի 19-ին Մոսկվայում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ միջպետական համաձայնագիրը:
Կենտրոնի արձագանքման աշխատանքներում կներգրավվեն նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքային որոնողափրկարարական 2 թիմերը, որոնք հաղթահարել են ՄԱԿ միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 36-ժամանոց արտաքին որակավորման քննություն-վարժանքը և ստացել միջազգային որակավորման վկայական:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 մարտի, 2016 | Ռազմ.info
Pingback: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի առաջին վարժանքը | Ռազմ.info