ԱԱԾ-ն ձերբակալել է «բարձրաստիճան զինվորականների» անունից շորթում կատարած անձին

ՀՀ ԱԱԾ-ն մարտի 16-ին ձերբակալել է Համլետ Ռաֆիկի Ղազարյանին, ով Արցախի տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներից՝ իրենց որդիներին Հայաստանի այլ տարածք ծառայության տեղափոխելու պատրվակով, տևական ժամանակ խոշոր գումարներ է շորթել՝ պատճառաբանելով, որ վերցված գումարներն իբր օրինական մուծումներ են: Այդ նպատակով Ղազարյանը ներկայացել է ՀՀ ՊՆ և ՊԲ բարձրաստիճան ղեկավարների անունից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ կայքը:

Հրազդանի բնակիչ, նախկինում 11 անգամ դատապարտված, 1969թ. ծնված Համլետ Ղազարյանի անօրինական գործունեության աշխարհագրությունը ընդգրկել է ՀՀ գրեթե բոլոր մարզերի տասնյակ գյուղեր, առաջացնելով ինչպես համայնքների բնակիչների, այնպես էլ հայկական զինված ուժերի հրամանատարության արդարացի զայրույթը:

Կապվելով տարբեր մարզերի գյուղապետերի հետ և ներկայանալով որպես բարձրաստիճան զինվորական՝ Համլետ Ղազարյանը առաջարկել է այդ համայնքներից Արցախում ծառայող զինվորների ծնողներին փոխանցել իր հեռախոսահամարը՝ իրենց զավակներին Հայաստանի այլ տարածք ծառայության տեղափոխելու ցանկության դեպքում իրեն դիմելու համար:

Հետագայում համաձայնություն ձեռք բերելու դեպքում Համլետ Ղազարյանը, հանդիպելով զինվորների ծնողներին, յուրաքանչյուրից խաբեությամբ շորթել է 160.000-200.000 ՀՀ դրամ: Համլետ Ղազարյանն իր հանցավոր գործունեությամբ ոչ միայն խաբել է տասնյակ քաղաքացիների, այլ նաև վարկաբեկել հայկական զինված ուժերին:

Որպես զինվորական ներկայացած և զինծառայողների ծնողներից գումար շորթած Համլետ Ղազարյանը

Որպես զինվորական ներկայացած և զինծառայողների ծնողներից գումար շորթած Համլետ Ղազարյանը

Փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: Միաժամանակ Համլետ Ղազարյանի անօրինական գործունեությունից տուժած քաղաքացիներին ազգային անվտանգության ծառայությունը խնդրում է զանգահարել՝ 010-57-94-07 և 011-52-95-56 հեռախոսահամարներով կամ դիմել ԱԱԾ Քննչական վարչություն:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ , քանի դեռ նրա մեղքը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *