«Էրեբունի» ավիաբազայում մեկնարկել են ՌԴ ԶՈւ ուղղաթիռների օդաչուների վարժանքները

Մարտի 18-ին մեկնարկել են Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ուղղաթիռների օդաչուների և բորտ-տեխնիկների` լեռնային պայմաններում Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներով անցկացվող ուսումնական պարապմունքները:Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի մամուլի ծառայությունը։

 Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռ. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության


Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռ. Նկարը` ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայության

Երիտասարդ օդաչուները փորձառու օպերատորների ղեկավարությամբ փորձարկում են սահմանափակ տարածքով թռիչքային հրապարակներում թռիչքի և վայրէջքի մեխանիզմները, ինչպես նաև իրականացնում թռիչքներ նախապես հաստատված թռիչքուղով` հաշվի առնելով քամու արագությունը և ուղղությունը, ամպամածությունը, ինչպես նաև այլ եղանակային պայմանների առկայությունը:

Թռիչքների ընթացքում օդաչուները պետք է յուրացնեն լեռնային վայրերում թռիչքի մեխանիզմները, լեռնաշղթաներով անցումը և այլ առանձնահատկություններ: Վարժանքների ավարտին համապատասխան ստուգարքները հանձնած օդաչուներին կտրվի մարտական հերթապահության իրավունք:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին ՌԴ ՊՆ կլայքը հայտնել էր, որ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի մասնագետներն ավարտել են Մի-8ՄՏ ուղղաթիռների հավաքումն ու փորձարկումը, և առաջիկայում օդաչուները կսկսեն ուղղաթիռներով ուսումնական թռիչքները։

Ավելացնենք, որ 2015-ի դեկտեմբերին Հայաստանում ռուսաստանյան ԶՈւ ավիաբազան համալրվել էր հարվածային Մի-24Պ և բեռնատար Մի-8 ուղղաթիռներով (7 միավոր և 6 միավոր խմբաքանակներով) ։ 2016-ի հունվարին ավարտվել էր ուղղաթիռների հավաքումը։ Փետրվարին ավիաբազա է բերվել ավիատեխնիկայի ևս մեկ խմբաքանակ, որի մեջ եղել են 4 միավոր ՄիԳ-29 կործանիչ, նորոգված և արդիականացված ՄիԳ-29Ս կործանիչներ և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ։

Նշենք, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *