Ամփոփվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության 2015թ. աշխատանքները

Մարտի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է 2015թ. ընթացքում զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության իրականացրած աշխատանքների արդյունքների ամփոփման հավաք-խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության խորհրդակցությունը

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության խորհրդակցությունը

Խորհրդակցությունը բացել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ով ռազմական բժիշկներին հորդորել է ծառայության ընթացքում լինել խիստ հետևողական յուրաքանչյուր զինվորի առողջության պահպանման հարցում:

2015 ուսումնական տարվա ընթացքում ԶՈւ ռազմաբժշկական ծառայության, ենթակա կառույցների մարտական և զորահավաքային պատրաստականության, բուժական և նյութատեխնիկական մատակարարման վիճակը, ինչպես նաև զինանձնակազմի շրջանում արձանագրված հիվանդացության ու հոսպիտալացման հիմնական ցուցանիշները ներկայացրել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Գնդապետ Խաչատրյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում ռազմաբժշկական ծառայության գործունեությունը ուղղված է եղել զինծառայողների առողջության պահպանմանը, բուժկանխարգելիչ միջոցառումների կատարելագործմանն ու հակահամաճարակային պայմանների ապահովմանը:

Հավաք-խորհրդակցության ընթացքում ռազմաբժշկական ոլորտի պատասխանատուները զեկույցներ են ներկայացրել բուժծառայության արդի հիմնախնդիրների, ոլորտի զարգացման հիմնական ուղիների, ինֆեկցիոն հիվանդությունների վիճակագրական տվյալների, ռազմաբժշկական կրթության և բուժծառայության զորային օղակի և այլ հարցերի վերաբերյալ:

Զեկույցներում ընդհանուր առմամբ մատնանշվել է, որ 2015թ. ռազմաբժշկական ծառայությունն առաջադրված խնդիրները կատարել է ամբողջությամբ և ընթացիկ տարում ևս իր ներուժն ուղղելու է կարողությունների կատարելագործմանը՝ առաջնորդվելով «Առողջությունը՝ նախապայման, կյանքը բացարձակ արժեք, հիվանդությունների կանխարգելումը՝ գերակա խնդիր» կարգախոսով:

One response to “Ամփոփվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության 2015թ. աշխատանքները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 մարտի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *