ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի բոլոր հրետանային ստորաբաժանումները, այդ թվում` Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված հրետանին դուրս են բերվել զորավարժարաններ` մեկամսյա վարժանքներ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը` նշելով, որ զորավարժությունն անցկացվում է ընդհանուր առմամբ 17 զորավարժարաններում:
ՌԴ ԶՈւ ՀՌՇ հրետանավորների ճամբարային հավաքներին ներգրավված է շուրջ 2000 միավոր տեխնիկա, այդ թվում` «Գրադ» և «Ուրագան» ՀԿՌՀ-ներ, «Մստա-Ս» և «Ակացիա» ինքնագնաց հաուբիցներ, ականանետներ, հակատանկային հրթիռային համալիրներ և այլն:
Վարժանքների ընթացքում հրետանավորները պետք է փորձարկեն կրակային առաջադրանքների իրականացման կարգը` վնասազերծելով պայմանական հակառակորդի` տարբեր հեռավորությունների վրա տեղակայված օբյեկտները, ինչպես նաև յուրացնեն հակառակորդի կրակից խուսանավելու մեթոդները:
Հյուսիսային Կովկասում տեղակայված ստորաբաժանումները պետք է փորձարկեն լեռնային վայրերում տեղակայված ապօրինի զինված խմբավորումների դիրքերի խոցման մեխանիզմները:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ՌԴ ԶՈւ ՀՌՇ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրետանավորները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարաժարանում մեկնարկել էին մեկամսյա դաշտային վարժանքները:
Մինչ այդ` փետրվարի 8-13-ին, ՌԴ ԶՈւ հարավարևմտյան ռազմավարական ուղղության բոլոր ստորաբաժանումները բերվել էին մարտական պատրաստության լրիվ աստիճանի: Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տանկային, մոտոհրաձգային, հրետանային, զենիթային և հատուկ նշանակության ստորաբաժանումները ևս ներգրավվել էին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հանկարծակի ստուգումներին: