2015 թ. աշնանը ադրբեջանական Silk Way Airlines ընկերության բեռնատար ինքնաթիռները Իտալիայից ավիառումբեր են տեղափոխել Սաուդյան Արաբիա։ Այս մասին հայտնի է դարձել Reported.ly կայքի լրագրողների հետաքննությունից:
Նույն տիպի ռումբեր Սաուդյան Արաբիան ավելի վաղ օգտագործել է հարևան Եմենի շիադավան հութիների դեմ, ընդ որում ավիահարվածների հետևանքով զոհվել են նաև խաղաղ բնակիչներ։ Նշենք, որ Ադրբեջանի բնակչության առնվազն 65 տոկոսը իսլամի շիական ուղղության հետևորդ է, իսկ Սաուդյան Արաբիան սուննիական պետություն է, որը ճնշում է շիաներին թե իր ներսում, թե հարևան երկրներում։ Օրինակ՝ 2016 թ․ հունվարին Սաուդյան Արաբիան գլխատեց երկրի շիա առաջնորդներից մեկին ու ևս 46 շիա ակտիվիստների, ինչի հետևանքով լրջորեն լարվեցին Սաուդյանների և շիադավան Իրանի հարաբերությունները։
2015 թ. հոկտեմբերին Reported.ly կայքի աշխատակիցները՝ հետևելով իտալական RWM Italia ընկերությունից գնած ռումբերի Սաուդյան Արաբիա տեղափոխմանը, հայտնաբերել են, որ Սաուդյան Արաբիայի օդուժին մատակարարվելիք ավիառումբերը հոկտեմբերի 29-ին Իտալիայի Կալիարի քաղաքի օդանավակայանում բեռնվել են ադրբեջանական ընկերության ինքնաթիռի մեջ։
Հետևելով ադրբեջանական ընկերության ինքնաթիռի ուղուն մասնագիտացված առցանց ծառայություններից մեկի միջոցով՝ լրագրողները նկատել են, որ այն վերջնական վայրէջքը կատարել է Սաուդյան Արաբիայի Թաիֆի քաղաքի օդանակայանում, որը միաժամանակ նաև սաուդյան ռազմաօդային ուժերի բազաներից մեկն է։ Այնտեղից ադրբեջանական ինքնաթիռը հեռացել է արդեն հաջորդ առավոտ՝ հոկտեմբերի 30-ին։
The cargo of Italian bombs appears to be diverted to Taif where there is a military air base. Transponder now off pic.twitter.com/L7CIStqDVM
— reported.ly (@reportedly) October 29, 2015
Ադրբեջանական ինքնաթիռով Սաուդյան Արաբիային ռումբերի ևս մեկ մատակարարում կայքի լրագրողներն արձանագրել են նաև նոյեմբերի 19-ին։
Ռումբերի մի մասն էլ տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որը նույնպես Եմենի պատերազմում Սաուդյան Արաբիայի դաշնակիցներից է։ (Ուշագրավ է այն, որ ադրբեջանական նույն ինքնաթիռը Սաուդյան Արաբիայից դեպի ԱՄԷ ևս մեկ թռիչք է կատարել հենց երեկ՝ 2016 թ. մարտի 14-ին)։
Ինչ վերաբերում է ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերությանը, ապա դրա խոշոր բաժնետերերից մեկը Իլհամ Ալիևի դուստր Արզու Ալիևան է։
Փաստացի Ադրբեջանի շիադավան նախագահի ընտանիքի հետ անմիջական կապ ունեցող ավիաընկերությունը սուննիական Սաուդյան Արաբիայի համար փոխադրում է ռումբեր, որոնք հետագայում օգտագործվելու են Եմենցի շիադավան հութիների դեմ, որոնք իրենց հերթին դաշնակից են տարածաշրջանի խոշորագույն շիայական պետությանը՝ Իրանին:
Եմենի պատերազմում սուննի արաբական երկրներն օժանդակում են Եմենի նախկին սուննի նախագահին, որին շիա հութիները դուրս էին քշել երկրից և որը արաբական նավթային թագավորությունների օգնությամբ փորձում է վերադարձնել իշխանությունը:
2015թ. մարտից սկսած արաբական դաշինքը ավիահարվածներ էր հասցնում հութիներին, սակայն հետագայում կռիվը տեղափոխվել է նաև Սաուդյան Արաբիայի և Եմենի ցամաքային սահման, որտեղ, ինչպես և առհասարակ Եմենի մյուս տարածքներում, կողմերը փոփոխական հաջողություններով կռվում են մինչև հիմա: