Մարտի 9-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Բրյուսելում անցկացվել է 28+1 ձևաչափով խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ և ռազմական կառույցի ղեկավարներ: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախագահությամբ անցկացված նիստին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին, ռազմական կրթության բնագավառում կարողությունների ընդլայնմանը և այդ համատեքստում կարևորել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունը:
Անդրադառնալով Հայաստան – ՆԱՏՕ հարաբերություններին` Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը` նշելով, որ Հայաստան–ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի թվով չորրորդ` 2014-2016թթ. ծրագիրը հաջողությամբ իրականացվում է, և շեշտել, որ շուտով կմեկնարկի 2017-2018թթ. ԱԳԳԾ մշակման միջգերատեսչական գործընթացը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր ելույթում ընդգծել է, որ կառույցի անդամ շուրջ մեկ տասնյակ երկրների ներկայացուցիչներ դրական են գնահատում Հայաստանի և դաշինքի միջև արդյունավետ փոխգործակցությունը և արձանագրված արդյունքները:
Ելույթ ունեցողները գոհունակություն են հայտնել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների, ինչպես նաև Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության համար:
Նիստի ավարտին Նալբանդյանն ու Օհանյանը պատասխանել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների` Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին, պաշտպանական և անվտանգության ոլորտներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցերին:
Նիստից առաջ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը առանձին հանդիպում են անցկացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ` քննարկելով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներ:
Հավելենք, որ փետրվարի 29-ից մարտի 2-ը ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում Հայաստանի հետ գործընկերության նպատակների նոր փաթեթը համաձայնեցնելու նպատակով Երևանում էրՆԱՏՕ-ի կառույցների համահավաք պատվիրակությունը։