Թուրքիայի ռազմարդյունաբերական կոմիտեն շուրջ 6 միլիարդի ծրագիր է հաստատել

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կոմիտեի՝ 2016-ի մարտի 9-ի նիստում հաստատվել են շուրջ 5,9 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ նոր ռազմարդյունաբերական նախագծեր, որոնցից 4,5 մլրդ դոլարի ծրագրերն իրականացնելու են Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերությունները: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը` 2016-ի մարտի 9-ին անցկացված ռազմարդյունաբերական կոմիտեի նիստից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը` 2016-ի մարտի 9-ին անցկացված ռազմարդյունաբերական կոմիտեի նիստից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում

Թուրքիայի վարչապետը, ով միևնույն ժամանակ նաև գլխավորում է ռազմարդյունաբերական կոմիտեն, նշել է, որ որոշվել է 2016-ին անցնել տեղական նախագծման ավտոմատների սերիական արտադրության: Նա տեղեկացրել է, որ իրեն հանձնել են MPT-76 «Մեհմետչիք-2» ավտոմատի վերջնական նախատիպը:

Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք տարիներով քննարկում են արտասահմանյան արտադրողներից հարվածային ԱԹՍ-ներ գնելու տարբերակը: Նիստում քննարկվել են սեփականներն արտադրելուն ուղղված քայլերը, սակայն մանրամասներ չի ներկայացրել:

Թուրքիայի վարչապետը նաև ընդգծել է, որ քննարկվում է թուրք-իտալական համատեղ արտադրության T129 «Աթաք» հարվածային ուղղաթիռների համար տեղական շարժիչներ արտադրելու տարբերակը` ավելացնելով, որ 2015-ին Թուրքիայի զինուժին հանձնվել է 10 միավոր «Աթաք» ուղղաթիռ, իսկ 2016-ին նախատեսվում է հանձնել ևս 17 միավոր:

Հիշեցնենք, որ տեղական ինքնաձիգների սերիական արտադրության անցնելու մասին Դավութօղլուն հայտարարել էր դեռևս 2015-ի նիստից հետո` անցյալ տարվա հունվարի սկզբին:

2015-ի հունիսին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) MKEK ռազմարդյունաբերական ընկերության հետ ստորագրել էր Թուրքիայի ԶՈւ ցամաքային և ռազմածովային ուժերի, ինչպես նաև ժանդարմերիայի համար 20 հազար MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների մատակարարման պայմանագիր:

Դեկտեմբերին ՊԱԳՎ-ն Kalekalıp ռազմարդյունաբերական ընկերության հետ ստորագրել էր Թուրքիայի զինված ուժերի համար շուրջ 15 հազար նմանատիպ ինքնաձիգների սերիական արտադրության ևս մեկ պայմանագիր: Նշված երկու ընկերությունները համատեղ զբաղվում են MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների արտադրությամբ:

Ավելացնենք, որ 2016-ին Թուրքիայի ՊԱԳՎ-ն հայտնել էր, որ 2015-ին Թուրքիան իրականացրել է շուրջ 29 մլրդ ԱՄՆ դոլարի ռազմարդյունաբերական գործարք:

Նշենք նաև, որ այսօրվա՝ մարտի 9-ի նիստից բացի, 2016-ի հուլիս-օգոստոս ամիսներին անցկացվելու է պաշտպանական արդյունաբերության կոմիտեի մեկ այլ նիստ, որտեղ ևս կհաստատվեն այլ նախագծեր, ծրագրեր: Նշված 5,9 միլիարդի գործարքները 2016-ին նախատեսված ծրագրերի մի մասն են միայն ամփոփում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *