2015 թ. հունիսին Պանկիսի կիրճում հատուկ գործողության ժամանակ ձերբակալված սալաֆիական իմամ Այուպ Բորչաշվիլիին Թբիլիսիի դատարանը դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հարելու համար։ Այս մասին մարտի 7-ին տեղեկացնում է վրաստանյան «Կախեթիի տեղեկատվական կենտրոն» կայքը։
Դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել նաև Գեորգի Խութինաշվիլիին, Դավիթ Պիրիսեբիային՝ 10 տարի։ Վերջիններս ահաբեկչական խմբավորման անդամ են եղել։ Եվս մեկ հոգի՝ Գեորգի Կուպրավան դատարանում իրեն մեղավոր է համարել ու դատապարտվել 1 տարվա ազատազրկման։
Տեղեկացնենք, որ հետաքննության տվյալներով՝ 2014 թվականի ամռանը Այուպ Բորչաշվիլին մեկնել է Սիրիա, հանդիպել «Իսլամական պետություն» առաջնորդների հետ, ինչից հետո Վրաստանում հիմնել է վահաբական համայնք։ Նա դարձել է ԻՊ-ի ներկայացուցիչը Վրաստանում և այդ «համայնքի էմիրը»։ Բացի այդ, նա ԻՊ-ի ամենահայտնի վրաստանցի հրամանատար Թարխան Բատիրաշվիլիի վստահված անձն է եղել։
Հավելենք, որ ԻՊ-ի շարքերում կռվող վրաստանցի քաղաքացիների թիվը հստակ չէ, ամենատարբեր աղբյուրներով Պանկիսիի կիրճից Սիրիայում կռվում է 50-ից 60 զինյալ։