ԱՄՆ-ն Սիրիայում երկու ավիաբազա է հիմնում. Քրդական աղբյուր

ԱՄՆ-ն գրեթե ավարտել է Սիրիայի հյուսիսային` Իրաքին սահմանակից Հասաքա նահանգում ուղղաթիռների և բեռնատար ինքնաթիռների տեղակայման համար նախատեսված ավիաբազայի շինարարությունը և սկսել նմանատիպ ավիաբազա կառուցել քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Քոբանի` «Էյն ալ-Արաբ», քաղաքի մոտակայքում` Թուրքիայի հետ սահմանին: Այս մասին մարտի 6-ին հայտնել է Իրաքյան Քրդստանի Bas News գործակալությունը:

Առաջին ավիաբազան կառուցվել է նախկինում գոյություն ունեցած «Ռմեյլան» օդանավակայանի տարածքում, որը տեղակայված է Սիրիայի` Թուրքիային և Իրաքին սահմանակցող հյուսիսային հատվածում: Նշվում է, որ օդանավակայանի թռիչքուղին երկարացվել է, կատարվել են մի շարք այլ աշխատանքներ, որոնք ամերիկյան զինուժին թույլ կտան բեռնատար ինքնաթիռներով և ուղղաթիռներով զինամթերք մատակարարել քրդական ուժերին:

Այս ավիաբազայի կառուցման մասին հայտնի էր դարձել դեռևս 2016-ի հունվարին: Քոբանի քաղաքի մոտակայքում երկրորդ ավիաբազայի շինարարական աշխատանքները նոր են սկսվել:

Սակայն նույն օրը` մարտի 6-ին, Reuters գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը հերքել է Սիրիայում ամերիկյան ավիաբազաներ հիմնելու, կամ ցանկացած ավիաբազայում վերահսկողության հաստատելու մասին լուրերը:

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15C կործանիչն «Ինջիրլիք» ռազմաբազայում

Նշենք, որ Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համար ԱՄՆ օդուժն օգտագործում է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *