2016-ի փետրվարի 1-29-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 և վիրավորման 3 դեպքի մասին։ Համեմատության համար՝ նախորդ տարի փետրվարին հայկական զինված ուժերում 6 զոհի և 1 վիրավորի մասին էր հայտնի։
Razm.info-ն տարբերակում է մարտական և ոչ մարտական կորուստները։ Առաջինը հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների զոհերն են։ Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանված են մի քանի ենթախմբի՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ՃՏՊ-ներ, զենքի, զինամթերքի հետ անզգույշ վարմունք, և այլն)։
Կորուստներ
Փետրվար ամսվա 4 կորուստներից մեկն է մարտական, մյուս 3-ը ոչ մարտական են։ Դեպքերը գրանցվել են Պաշտպանության բանակում։
Մարտական կորուստներ
Փետրվարի 5-ի գիշերը ժամը 03:55-ի սահմաններում ՊԲ հարավային զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավր(ռ)շյանը: Արցախի ղեկավարը զինծառայողին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայության» մեդալով։
Ոչ մարտական կորուստներ
Փետրվարի 18-ին ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենի կրակոցից մահացել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը: Փետրվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ զինծառայողը հայտնաբերվել է ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով: Դեպքի վայրի և դիակի նախնական զննության արդյունքներով՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:
Փետրվարի 19-ին ՊԲ հարավարևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թեմուր Սլոյանը, նույն զորամասի մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրով կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ 1997թ. Կամո Հովհաննիսյանի դեմքի շրջանին։ Ստացած վնասվածքից Հովհաննիսյանը տեղում մահացել է, ինչից հետո Սլոյանն ինքնասպան է եղել՝ կրակելով գլխին։
Վիրավորներ
Փետրվարի 4-ին Վայոց Ձորում մերկասառույցի պատճառով ճանապարհի դժվարանցանելի հատվածում կողաշրջվել է զինծառայողներ տեղափոխող ՊՆ համարանիշով մեքենա, ինչի հետևանքով 3 զինծառայող վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալ։ ՊՆ զորամասերից մեկի զինծառայողներ 19-ամյա Արթուր Պետրոսյանը, 20-ամյա Սերյոժա Սարդարյանը, 22-ամյա Աշոտ Յայլոյանը ամբուլատոր բուժօգնություն են ստացել և մեկնել զորամաս։
2016թ. հայկական զինված ուժերում գրանցված կորուստներն են՝
Հունվար — 1 զոհ
Փետրվար — 4 զոհ և 3 վիրավոր
Աղբյուրներ
Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։
Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ։