ԱՄՆ-ն Թուրքիային շուրջ 683 մլն-ի «խելացի ռումբեր» է վաճառելու

Փետրվարի 26-ին ԱՄՆ ՊՆ-ն հայտնել է, որ ստորագրվել է Թուրքիային շուրջ 683 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ BLU-109 2000lb Penetrator ամրացված կառույցների խոցման ավիառումբեր վաճառելու մասին պայմանագիր։ Ռումբերը թուրքական կողմին պետք է փոխանցվեն մինչև 2020 թ.-ի դեկտեմբերի 31-ը: Այս մասին նշվում է փետրվարի 26-ին ԱՄՆ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում:

GBU-31(V)3-JDAM համակարգով համալրված BLU-109 2000lb Penetrator ամրացված կառույցների խոցման ավիառումբ

GBU-31(V)3-JDAM համակարգով համալրված BLU-109 2000lb Penetrator ամրացված կառույցների խոցման ավիառումբ

Պայմանագիրը ստորագրվել է ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության միջոցով: Նշված ռումբերը կարող են վերածվել կառավարվող (ուղղորդվող) ռումբերի (անգլ. smart bomb):

Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի սկզբին ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել էր Թուրքիային շուրջ 70 մլն դոլար արժողությամբ JDAM համակարգերի վաճառքի պայմանագիրը։ Համակարգը նախատեսված է չկառավարվող ավիացիոն ռումբերը հեռակառավարվող դարձնելու համար։

Թուրքիային  պետք է վաճառվեն հետևյալ սարքավորումները՝

• 400 միավոր GBU-31(V)1 JDAM համակարգի պոչային հավելված՝ նախատեսված Mk84 ռումբերի համար,
200 միավոր GBU-31(V)3 համակարգի պոչային հավելված՝ նախատեսված BLU-109 ռումբերի համար,
• 300 միավոր GBU-38 համակարգի պոչային հավելված՝ նախատեսված Mk82 ռումբերի համար,
• 100 միավոր GBU-54 լազերային ուղղորդմամբ JDAM՝ նախատեսված Mk82 ռումբերի համար,
200 միավոր BLU-109 ծանր թիրախների ոչնչացման մարտագլխիկ,
• 1000 միավոր FMU-152A/B տեսակի «պայթուցիչներ»:

Նշված բոլոր համակարգերը նախատեսված են ամերիկյան արտադրության մի շարք ավիառումբերը, այդ թվում` Թուրքիային վաճառվելիք BLU-109 ավիառումբերը կառավարվող դարձնելու համար: Մասնավորապես այդ ռումբերի համար նախատեսված է վաճառել 200 միավոր նմանատիպ համակարգ: Այսպիսով՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Թուրքիային վաճառել ռումբեր, ինչպես նաև դրանք կառավարվող դարձնելու համար նախատեսված համակարգեր և բաղկացուցիչ մասեր:


BLU-109 penetrator ավիառումբեր ՄՏԲ`

Երկարությունը` 2,4 մ
Շրջագիծը` 370 մմ
Զանգվածը` 874 կգ

Նախատեսված է F-117, F-15E, F-16A-D, F-111D-F, B-1B կործանիչների և ռմբակոծիչների վրա տեղադրելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *