Նախարար Օհանյանն ընդունել է միջազգային մրցույթում հաղթած մոնթեականներին

Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 12-ից 21-ը անցկացված «Պատանի հայրենասերներ» միջազգային 14-րդ հավաքին թիմային հաշվարկով առաջին տեղը գրաված ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներին: Կրթօջախի սաներն արդեն երրորդ անգամն են լավագույնը ճանաչվում միջազգային այս մրցույթ-հավաքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին

Ողջունելով վարժարանի ղեկավարությանն ու շնորհավորելով մոնթեականներին փայլուն հաղթանակի կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը նկատել է, որ մրցույթին մասնակցող 42 հավաքականների շարքում լավագույնի կոչմանն արժանանալը վկայում է կրթահամալիրում առկա ուսուցման բարձր որակի և ուսումնադաստիարակչական գործընթացի արդյունավետության մասին:

Նախարար Օհանյանը միաժամանակ կարևորել և արժևորել է վարժարանի ղեկավար կազմի և ուսուցչական կոլեկտիվի դերակատարությունը հաղթանակի կռման գործում, նշել է, որ մրցանակային առաջին տեղը արդյունք է նաև նրանց կողմից ցուցաբերած հետևողական և բարեխիղճ աշխատանքի շնորհիվ:

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ազգային բանակի և մասնավորապես ՀՀ ՊՆ ենթակայությամբ գործող կրթական հաստատության վարկանիշի բարձրացման գործում ներդրած ավանդի համար՝ Սեյրան Օհանյանը մոնթեականներին խրախուսել է արժեքավոր նվերներով:

«Պատանի հայրենասերներ» հավաքին, որին ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամամարզական վարժարանի սաները մասնակցում են 2011-ից, այս տարի մասնակցում էին նաև Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, ինչպես նաև Չինաստանի հավաքական թիմեր:

Հավաքի ընթացքում թիմերը մրցել են ռազմականացված էստաֆետի, արգելագոտիների հաղթահարման, հրաձգության, ռազմական տեղագրության, համալիր ուժային վարժությունների և այլ անվանակարգերում:

Մոնթեականները բոլոր վարժություններում իրենց գերազանց են դրսևորել, կարողացել են առաջադրանքները կատարել բարձր մակարդակով` տեսական ու գործնական վարժություններն իրականացնելով սահմանված ժամկետում, ինչի շնորհիվ էլ հաղթել են մյուս 41 թիմերին:

Սա հայկական թիմի երրորդ հաղթանակն է այս մրցույթում. նախորդ հաղթանակները եղել են 2013 և 2014 թվականներին: Մրցույթին հայաստանցի մոնթեականների հաջողությունների մանրամասները ներկայացրել է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը:

Ավելացնենք, որ հավաք-մրցույթի մասնակից արտասահմանյան 41 թիմերից 33-ը Ռուսաստանից էին, չորսը՝ Ղազախստանից, երկուսը՝ Բելառուսից, մեկը՝ Ղրղզստանից և ևս մեկը՝ Չինաստանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *