Սիրիայի կառավարական ուժերը հաջողություններ են գրանցում Հալեպն ապաշրջափակելու հարցում

Փետրվարի 24-ին Սիրիայի կառավարական բանակի հատուկ նշանակության ուժերը կարողացել են գրոհայիններին ամբողջությամբ դուրս մղել Խանասեր քաղաքից, ինչպես նաև Ռասմ ալ-Նաֆալ բնակավայրից և հսկողություն հաստատել Խանասեր-Հալեպ ավտոճանապարհի մեծ մասին, ինչպես նաև Իսրիյահ-Խանասեր ավտոճանապարհին,  սակայն Խանասեր-Հալեպ ավտոճանապարհի շուրջ 7 կմ հատվածը դեռևս մնում է «Իսլամական պետության» հսկողության տակ:

Այս մասին փետրվարի 25-ին հայտնում է արաբական «Ալ-Մասդար Նյուզ» լրատվակայքը` նշելով, որ Սիրիայի կառավարական բանակի հատուկջոկատայինները և լիբանանյան Հզբոլլահի ուժերը շարունակում են մարտերը Հալեպը շրջափակումից հանելու և կապը վերականգնելու համար:

Կառավարական ուժերը հարձակվում են երկու ճակատով` Հալեպի և Համայի ուղղություններից:

Խանասեր քաղաքը ԻՊ գրոհայիններից հետ վերցնելու լուրը տարածվել է ավելի ուշ: Սիրիայի կառավարական ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ Խանասերի մարտերում վերջին օրերին կառավարական և դաշնակից ուժերը կորցրել են շուրջ 58 զինվորական: ԻՊ զոհերի մասին տվյալներ չեն հաղորդվում:

Նշվում է, որ արդեն շուրջ մեկշաբաթյա շրջափակման հետևանքով Հալեպում կառավարական ուժերը և բնակչությունը սննդամթերքի խնդիրներ ունեն, քանի որ գրեթե բոլոր ենթակառուցվածքները ոչնչացված են, իսկ կառավարության հսկողության տակ գտնվող մյուս տարածքների, ինչպես նաև դաշնակից որևէ ուժի հետ Հալեպը կապող միակ հատվածը նշված ճանապարհն է, մյուսները գրոհայինների ամբողջական հսկողության տակ են:

Փետրվարի 22-ին արաբական լրատվակայքը հայտնել էր, որ զինյալների` Հալեպ տանող ավտոճանապարհի վերահսկողությունը վերցնելուց հետո Ալ-Սաֆիրայից հարձակման անցած կառավարական զորքերը կարողացել էին զինյալներին դուրս մղել ավտոճանապարհի մի շարք հատվածներից:

Փետրվարի 23-ի դրությամբ ԻՊ գրոհայինները կարողացել էին հսկողությունը պահպանել Խանասերի շրջանի մի շարք բնակավայրերում:

Սիրիական բանակի մարտիկներ

Սիրիական բանակի մարտիկներ

One response to “Սիրիայի կառավարական ուժերը հաջողություններ են գրանցում Հալեպն ապաշրջափակելու հարցում

  1. Pingback: Սիրիայի կառավարական ուժերը վերականգնել են Հալեպի հետ կապը | Ռազմ.info