Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, շրջել է ձեռնարկության տարածքում և ծանոթացել այստեղ կատարված շինարարական աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
Պաշտպանության նախարարը դրական է գնահատել գիտահետազոտական ձեռնարկությունում կատարված աշխատանքները, ինչպես նաև հորդորել է ամրապնդել ռազմարդյունաբերական պետական կոմիտեի, ձեռնարկությունների և տնտեսության այլ ճյուղերի կապն ու մտածել սպառման խնդիրների մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ինտերնետային նոր հանգույցի ստեղծման գաղափար, որտեղ պետք է ներկայացված լինեն հայկական բոլոր ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքները:
Ձեռնարկության տնօրեն Արսեն Թառոյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող ռազմարդյունաբերական պետական կոմիտեի շնորհանդեսային կենտրոնի վերանորոգված տարածքն ու կենտրոնի գործարկման հետ կապված հարցերը: Նախարար Օհանյանն առաջարկություններ է արել շնորհանդեսային կենտրոնի կահավորման և գործարկման վերաբերյալ
Ներկայացվել են նաև ձեռնարկությունում իրականացվող ծրագրերն ու առաջիկա նախագծերը: Շրջայցի ընթացքում Արսեն Թառոյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական ձեռնարկությունների զարգացման հեռանկարներին և հանդես եկել համագործակցության մի շարք առաջարկություններով:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 21 – 27 փետրվարի, 2016 | Ռազմ.info