Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի քարտուղարի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել ճեպազրույց, որի ընթացքում ՀՀ նախագահը և Դաշինքի ղեկավարը հանդես են եկել հայտարարություններով:
Նախագահ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստակամ է ու վճռական` պահպանելու և զարգացնելու ՆԱՏՕ-ի հետ համագործակցության այսօրվա մակարդակը:
Անդրադառնալով 2004թ. Բուդապեշտում անցկացված ՆԱՏՕ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացի ժամանակ ադրբեջանցի սպա Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանության, Հունգարիայում պատիժը կրող մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու և նրան ներում շնորհելու փաստին, Սարգսյանն ասել է, որԱդրբեջանն իր իսկ ձեռքով իրեն վերածեց հանցագործության հովանավորի:
«Սա անընդունելի, մերժելի և դատապարտելի մի երևույթ է, որը մեծ հարված է հասցնում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի նպատակներին, լրջորեն վտանգում է Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը»-, ընդգծել է Սարգսյանը:
Նախագահi խոսքով՝ Հունգարիայի կառավարության այդ քայլը պարզապես անընդունելի է:
Իր հերթին ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ռասմուսենը, շնորհակալություն հայտնելով նախագահ Սարգսյանին կառուցողական հանդիպման համար, ասել է, որ Հայաստանը արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, և ՆԱՏՕ-ն արժեքավոր գործընկեր է Հայաստանի համար:
Ճեպազրույցի ընթացքում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն է հայտնել Սաֆարովին ներում շնորհելու` Ադրբեջանի որոշման կապակցությամբ, քանի որ այդ որոշումը, ըստ Ռասմուսենի, վնասում է վստահությանը:
«Այդ ահավոր և ողբերգական միջադեպը, որ տեղի է ունեցել 8 տարի առաջ, հանցագործություն էր: Եվ այդպիսի հանցագործությունը չպետք է փառաբանվի»,-ասել է Ռասմուսենը:
Այսօր արդեն ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը Բաքվում՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է վերադառնան հակամարտությանը: Տարածաշրջանում լարվածությունը պետք է նվազեցվի և որոշակի քայլեր արվեն տարածաշրջանում համագործակցությանը եւ հաշտեցմանը նպաստելու համար:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից Սաֆարովին ներում շնորհելու փաստին՝ Ռասմուսենը կրկին շեշտել է, որ խորապես մտահոգված է այդ որոշմամբ:
«2004թ. կատարած նրա արարքը հանցագործություն է, որը չպետք է փառաբանվի, քանզի այն վնասում է վստահությանը` ՝ չնպաստելով տարածաշրջանում խաղաղություն պահպանման գործընթացին»: