ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը փետրվարի 13-ին մեկնել է Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո զինծառայողները կտեղափոխվեն Աֆղանստան՝ խաղաղարար առաքելություն իրականացնելու։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի՝ փետրվարի 20-ի թողարկումը։
Երեքշաբաթյա նախապատրաստական դասընթացներ և վարժանքներ անցնելուց հետո ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի զինծառայողները 6 ամսով կտեղակայվեն Աֆղանստանի Մազարի Շարիֆ ավանում գործող միջազգային խաղաղապահ ուժերի զինավանում։
ՀՀ ԶՈւ խաղաղապահները պատասխանատու կլինեն պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության ապահովման, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար։
ՀՀ ՊՆ խաղաղապահների ևս մեկ խումբ նույն նպատակով Գերմանիա է մեկնել հունվարի 16-ին։
Նշենք, որ Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Աֆղանստանում հերթափոխով ծառայություն է անցկացնում Հայաստանի զինված ուժերի 131 խաղաղապահ զինծառայող, որոնք խաղաղապահ առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:
Ընդհանուր առմամբ, Հայաստանը միջազգային խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Մինչ օրս հայ խաղաղապահները մասնակցել են չորս առաքելությունների` 2004-ից Կոսովոյում, 2005-ից՝ Իրաքում, 2010-ից՝ Աֆղանստանում, 2014-ից՝ Լիբանանում։ 2015-ից էլ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի մեկ սպա որպես դիտորդ մասնակցում է Մալիում ՄԱԿ հովանու ներքո անցկացվող խաղաղապահ առաքելությանը:
Pingback: ՀՀ ԶՈւ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանում ծառայությանը պատրաստվելու | Ռազմ.info
Pingback: Քննարկվել են Գերմանիայում Հայաստանի ԶՈւ զինծառայողների վերապատրաստման հարցեր | Ռազմ.info