Ռազմաշաբաթ. Հայաստան. 14 – 20 փետրվարի, 2016

Հայտնի է ՌԴ վարկով Հայաստանի պատվիրած զինատեսակների ցանկը • ՊԲ-ում անցկացվել են դիպուկահարների հավաքներ • Հայաստանը ստատիկ պաշտպանությունից անցնում է հակառակորդի սանձահարման • Մեկնարկել է ՀՀ ԶՈւ նոր ուսումնական փուլը • ՊԲ զինծառայողներին է հանձնվել 24 բնակարան • ՊՆ-ում քննարկվել են զինծառայողների համալրման, ԶՈւ նյութատեխնիկական ապահովման հարցեր • ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Մարտակերտի ուղղությունը • Ոչ մարտական կորուստներ ՊԲ-ում • «Էրեբունիի» ՌԴ ավիախումբը համալրվել է կործանիչներով, ուղղաթիռներով • Մեկնարկել են 102-րդ ռազմաբազայի հրետանավորների վարժանքները

Պաշտպանության բանակի դիպուկահարներից մեկը

Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման դիպուկահարներից մեկը՝ հավաք-պարապմունքի ժամանակ

• Փետրվարի 18-ին հրապարակվել է Ռուսաստանի 200 մլն դոլարի վարկով Հայաստանի պատվիրած զինատեսակների ցանկը, որում աչքի են ընկնում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանները, «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետները և մի շարք այլ զինատեսակներ։

• Նախորդ շաբաթ Պաշտպանության բանակում անցկացվել են հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումների դիպուկահար զինծառայողների հավաք-պարապմունքներ:

• Փետրվարի 16-17-ին ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վիեննայում ԵԱՀԿ սեմինարին ներկայացրել է Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները: Տոնոյանը նշել է, որ Հայաստանը ստատիկ պաշտպանության հայեցակարգից անցնում է հակառակորդի սանձահարման-զսպման համակարգին, որը կիրառվելու է ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով։

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հանդիսավոր երթը՝ ՀՀ զինված ուժերի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հանդիսավոր երթը՝ ՀՀ զինված ուժերի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ

• Փետրվարի 15-ին ՀՀ զինված ուժերում մեկնարկել է 2016թ․ ձմեռային ուսումնական փուլը, ինչի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադում, իսկ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը՝ ավիացիոն զորամասերից մեկում:

• Փետրվարի 13-ին ՀՀ ԶՈւ խաղաղապահների հերթական զորախումբը մեկնել է Գերմանիա, որտեղ երեքշաբաթյա վարժանքներից հետո 6 ամսով կտեղակայվի Աֆղանստանում՝ խաղաղարար առաքելությանը մասնակցելու համար։

• Փետրվարի 16-ին Արցախի Մատաղիս ավանում ՊԲ զինծառայողներին է հանձնվել 24 բնակարանով բնակելի շենք: Նույն օրը Մարտակերտում էլ կատարվել է զինծառայողների համար նախատեսված նոր բնակելի թաղամասի հիմնարկեքը։ Թաղամասն ունենալու է 4 շենք՝ 32-ական բնակարանով։

ՊԲ սպաների համար նախատեսված բնակարանների հանձնման հանդիսավոր արարողություն Արցախի Մատաղիսում 16.02.2016թ.

ՊԲ սպաների համար նախատեսված բնակարանների հանձնման հանդիսավոր արարողություն Արցախի Մատաղիսում 16.02.2016թ.

• Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ-ում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զինված ուժերը ժամկետային ու պայմանագրային զինծառայողներով, սպաներով ու ենթասպաներով համալրելու աշխատանքները: Նույն օրը ՊՆ-ում անցկացված մեկ այլ խորհրդակցության ժամանակ քննարկվել են զինված ուժերում նյութատեխնիկական ապահովման և գնումների պլանավորման ու կազմակերպման հարցեր։

• Փետրվարի 18-ին ԵԱՀԿ ներկայացուցիչները հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գիծը դիտարկել են Մարտակերտի հյուսիսային ուղղությամբ․ կրակոցներ չեն արձանագրվել:

• Փետրվարի 19-ին ՊԲ հարավարևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում զինծառայող Թեմուր Սուլոյանը, նախնական տվյալներով, գնդացրի կրակով սպանել է ջոկի հրամանատար Կամո Հովհաննիսյանին, այնուհետ ինքնասպան է եղել:

• Փետրվարի 18-ին ՊԲ արևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել ՊԲ զինծառայող Դավիթ Տերտերյանը:

ՄիԳ-29 կործանիչները Երևանի Էրեբունի օդանավակայանում թռիչքի ժամանակ

ՄիԳ-29 կործանիչները Երևանի Էրեբունի օդանավակայանում թռիչքի ժամանակ

• Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանի ռուսաստանյան ավիախումբն անցած շաբաթվա ընթացքում ստացել է 4 միավոր ՄիԳ-29 կործանիչ, նորոգված և արդիականացված ՄիԳ-29Ս կործանիչներ և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ։ Դրանցով թռիչքները նախատեսված է մեկնարկել 2016-ի մարտի կեսերին։

• ՌԴ ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրետանավորները սկսել են մեկամսյա դաշտային վարժանքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *