Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախումբն անցած շաբաթվա ընթացքում ստացել է 4 միավոր ՄիԳ-29 կործանիչ, նորոգված և արդիականացված ՄիԳ-29Ս կործանիչներ և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ռազմաբազայի մամուլի ծառայությունը։
Առաջիկայում ավիաբազայի տեխնիկական անձնակազմը հավաքելու է կործանիչներն ու ուղղաթիռները, իսկ դրանցով թռիչքները նախատեսված է մեկնարկել 2016-ի մարտի կեսերին։
2015-ի դեկտեմբերին էլ ավիաբազան համալրվել էր հարվածային Մի-24Պ և բեռնատար Մի-8 ուղղաթիռներով՝ 7 միավոր և 6 միավոր խմբաքանակներով։ 2016-ի հունվարին ավարտվել էր ուղղաթիռների հավաքումը։
Ավելացնենք, որ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է:
Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները, Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռները։
«Էրեբունիում» տեղակայված ՌԴ ավիաբազան մարտական հերթապահություն է կրում ԱՊՀ անդամ պետություների Միացյալ ՀՕՊ համակարգի կազմում։
Pingback: «Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները ստուգողական թռիչքներ են անում | Ռազմ.info