[Լրացված] Արտակարգ պատահարի հետևանքով ՊԲ երկու զինծառայող է մահացել

Փետրվարի 19-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան զորամասերից մեկի պահպանության տեղամասում արտակարգ պատահարի հետևանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը և Թեմուր Շարիի Սուլոյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:


[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեն այսօր՝ փետրվարի 19-ին, հայտնել է, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թեմուր Սլոյանը, նույն զորամասի մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրով կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքի շրջանին։ Ստացած վնասվածքից Կամո Հովհաննիսյանը տեղում մահացել է, ինչից հետո շարքային Թեմուր Սլոյանը ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթները պարզելու ուղղությամբ։

One response to “[Լրացված] Արտակարգ պատահարի հետևանքով ՊԲ երկու զինծառայող է մահացել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *