Փետրվարի 16-ից 17-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վիեննայում մասնակցել է «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարին և ներկայացրել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը մասնավորապես նշել է. «ՀՀ անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո իրականացվող բանակցային գործնթացի համար նպաստավոր պայմաններ ձևավորելու նպատակադրմամբ, նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ: Դրանցից է «Սանձահարման/Զսպման համակարգը» (Deterrence system), որը Հայաստանը գործի է դնում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար:
«Սանձահարումը/Զսպումը», ըստ ՀՀ պաշտպանության փոխնախարարի, Հայաստանի դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել որպես անբավարար հզորության վկայական:
Տոնոյան նշել է, որ հայկական կողմի 25 տարվա պաշտպանողական կեցվածքը քաջալերել է հակառակորդի սադրիչ գործողություններ: Ըստ այդմ՝ Հայաստանն իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար՝ միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահասկման ոլորտում առկա սահմանափակումները:
— «Սանձահարման/Զսպման համակարգը» կիրականացվի ինչպես արձագանքող, այնպես էլ կանխարգելող եղանակով, — նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարարը:
Վիեննայում գտնվելու ընթացքում Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ռոուզ Գոթեմոլերին (Rose Gottemoeller): Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության, սպառազինությունների վերահսկման, ինչպես նաև Հայաստանում հումանիտար ականազերծման նախագծերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Ավելացնենք, որ ԵԱՀԿ բոլոր անդամ երկրների զինվորական և քաղաքացիական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հինգ տարին մեկ անցկացվող միջոցառման նպատակն անվտանգային միջավայրի փոփոխությանը զուգընթաց դոկտրինալ լուծումների շուրջ մտքերի փոխանակումն է: