Վերջին օրերին շուրջ 2000 գրոհայիններ Սիրիայի Իդլիբ նահանգից Թուրքիայի տարածքով տեղափոխվել է Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսային շրջաններ՝ քրդական YPG-ի դեմ կռվող զինյալների շարքերը համալրելու համար: Այս մասին փետրվարի 18-ին հայտնում է Reuters գործակալությունը` փոխանցելով Սիրիայի ապստամբ խմբավորումներից ստացած տեղեկությունը:
Խնդիրն այն է, որ մինչև 2016-ի փետրվարի սկզբին ռուսաստանյան ավիախմբի օգնությամբ Հալեպի հյուսիսում Սիրիայի կառավարական ուժերի հաջող գործողությունները՝ Թուրքիայի օժանդակությունը վայելող «Ալ-Նուսրայի Ճակատ», «Ահրար աշ-Շամ» և այլ խմբավորումներից կազմված ուժերը, ինչպես նաև Սիրիայում ապրող թյուրքական ազգությունները վերահսկում էին Իդլիբ նահանգը, ինչպես նաև Հալեպի հյուսիսային շրջանները, որոնք կապված էին միմյանց:
Սակայն նախորդ շաբաթ սիրիական կառավարական ուժերը գրավեցին Հալեպի հյուսիսում՝ Իդլիբը Ազեզին կապող բնակավայրերի միջև ընկած տարածքները: Իսկ քրդական ուժերը գործողություններ սկսեցին զինյալների մյուս շրջաններից կտրված՝ Թուրքիայի Քիլիսի շրջանին սահմանակից Ազեզի շրջանը և համանուն քաղաքը զինյալներից ազատագրելու համար: Զինյալների վերահսկած տարածքները կտրվեցին իրարից, սակայն երկու առանձին տարածքներն էլ սահմանակից են Թուրքիային:
Իր հերթին Թուրքիան Ասադի իշխանությունը և Սիրիայի քրդական ուժերին դիտում է սպառնալիք իր պետականության համար և օժանդակում զինյալներին, որպեսզի քրդերը չմեծացնեն իրենց ներկայությունը թուրք-սիրիական սահմանին: Այդ իսկ պատճառով թուրքական զինուժը փետրվարի 13-ից սկսեց հրետակոծել Ազեզի շրջանում քրդերի դիրքերը՝ փորձելով խանգարել վերջիններիս առաջխաղացմանը:
Այս իրավիճակում բավականին արժանահավատ է թվում այն լուրը, որ Թուրքիան կարող է օժանդակել Սիրիայում կռվող զինյալների տեղափոխումն իր տարածքով՝ քրդական ուժերի դեմ Սիրիայի հյուսիսում առավել մեծ թվով զինյալներ կենտրոնացնելու համար:
Բացի այդ, թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունն այսօր` փետրվարի 18-ին, հայտնել է, որ Սիրիայի քրդական ուժերն արդեն սկսել են Ազեզ քաղաքի վրա հարձակումը:
Փետրվարի 13-ից սկսած Սիրիայի քրդերի դեմ թուրքական զինուժի գործողություններին, միջազգային արձագանքներին, ինչպես նաև քրդական ուժերի գործողություններին կարող ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածներում:
- Սիրիայի քրդերը զինյալներից ռազմաբազա են գրավել Թուրքիայի սահմանին
- Թուրքիայի ԶՈւ-ն հրետակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը
- Թուրքիան կրկին հրետակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը. փետրվարի 15-16
- Քրդական ուժերը հսկողություն են հաստատել Հալեպի հյուսիսային Թել-Ռիֆադ քաղաքում
- Թուրքիան նոր տանկեր և հրետանի է կուտակում Սիրիայի սահմանին`Ազեզի դիմաց
Pingback: [Լրացված] Թուրքիայի ԶՈւ-ն առաջին անգամ հրթիռակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը | Ռազմ.info