Անկարայում պայթյունի համար Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Սիրիայի քրդերին

Փետրվարի 17-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ահաբեկչական պայթյունի հետևանքով սպանվել է առնվազն 28 մարդ, որոնցից 27-ը Թուրքիայի ԶՈւ անձնակազմից, ևս 61-ը վիրավորվել է: Թուրքիայի վարչապետն ահաբեկչության համար մեղադրել է Սիրիայի քրդական PYD-ին, սակայն մի շարք փաստեր ցույց են տալիս, որ այս հայտարարությունները կարող են չփոխանցել ողջ իրական պատկերը և կրել ուղղորդված բնույթ:

Ահաբեկչական պայթյունի մասին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն խոսել է երկրի ԶՈւ ԳՇ պետի, պաշտպանության և արդարադատության նախարարների հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Associated Press գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ղեկավար Սալիհ Մուսլիմը հերքել է իրենց մասնակցությունն ահաբեկչական պայթյունին` նշելով, որ դա իրականացրել է ԻՊ-ն:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ահաբեկչությունն իրականացրած մահապարտ ահաբեկիչը Թուրքիա էր ներթափանցել Սիրիայի տարածքից և քրդական PYD-ի զինված թևի՝ «Ժողովրդական պաշտպանության ջոկատի» (YPG) անդամ էր: Դավութօղլուն մեկ անգամ ևս ընդգծել է թուրքական իշխանությունների այն տեսակետը, որ քրդական PYD-ն և վերջինիս զինված թևն «ահաբեկչական կառույց» են:

Դավութօղլուն շեշտել է, որ այս գործողությունից հետո գոնե քրդական կառույցին օժանդակող և ահաբեկչական կառույց չհամարող երկրները, մասնավորապես` Ռուսաստանը, պետք է դադարեն օժանդակել քրդական կառույցի գործունեությանը Սիրիայի տարածքում և ջանքերն ուղղեն վերջինիս դեմ:

Նշենք, որ երեկ` փետրվարի 17-ին, Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնել էր, որ ահաբեկչությունն ուղղված է եղել փողոցով անցնող զինվորական շարասյան դեմ: Ավելացնենք նաև, որ պայթյունի վայրը շատ մոտ է Թուրքիայի ԶՈւ ԳՇ շենքին:

Թուրքիայի վարչապետի հայտարարությունն ըստ էության ցույց է տալիս, որ Անկարայի ահաբեկչական պայթյունն օգտագործվում է PYD-ի միջազգային հեղինակությունը վնասելու և այդ կառույցի «ահաբեկչական» լինելու փաստն ապացուցելու համար, ինչը որոշակի կասկածներ է առաջ բերում:

Նշենք, որ քրդական կառույցը Սիրիայի տարածքում օժանդակություն է ստանում ԱՄՆ-ի ղեկավարած հակահաբեկչական միջազգային կոալիցիայից, ինչպես նաև դաշնակցում է Սիրիայի կառավարական ուժերի հետ` պայքարելով «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրայի Ճակատ» և նման ահաբեկչական խմբավորումների դեմ:

Վերջին շրջանում քրդական ուժերը մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրեր և ռազմաբազա են գրավել Թուրքիայի Քիլիսի շրջանի դիմացի սիրիական Ազեզ քաղաքի հարավում և շարունակում են առաջխաղացումը դեպի Ազեզ, որը գրավելու պարագայում կկտրեն Թուրքիան կապը՝ նրան հավատարիմ զինյալ խմբավորումների հետ: Թուրքական զինուժը փետրվարի 13-ից հրետակոծում է քրդերի դիրքերը Սիրիայի նշված շրջաններում, սակայն Թուրքիայի նման գործելաոճը արժանանում է արևմտյան տերությունների քննադատությանը:

Հաշվի առնելով այս փաստերը, ինչպես նաև այն, որ Սիրիայի քրդական կառույցին անչափ անհրաժեշտ է արևմտյան տերությունների օժանդակությունը, իսկ ահաբեկչական գործունեությունը դա լուրջ կասկածի տակ կդնի` կարող ենք ենթադրել, որ թուրքական իշխանությունները պարզապես փորձում են օգտագործել Անկարայի ահաբեկչական պայթյունը` քրդական կառույցի հանդեպ իրենց վարած քաղաքականությունն արդարացնելու և PYD-ին արևմտյան տերությունների օժանդակությունից զրկելու համար:

Փետրվարի 13-ից սկսած Սիրիայի քրդերի դեմ թուրքական զինուժի գործողություններին, միջազգային արձագանքներին, ինչպես նաև քրդական ուժերի գործողություններին կարող ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածներում:

Ահաբակեչական պայթյուն Անկարայում. 17.02.2016թ.

Ահաբակեչական պայթյուն Անկարայում. 17.02.2016թ.

Ավելացնենք, որ փետրվարի 18-ին թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքն իր հերթին հայտնել է, որ ահաբեկչական պայթյունից հետո` փետրվարի լույս 18-ի գիշերը, Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Իրաքի հյուսիսում տեղակայված քրդական ճամբարները:

Հավելենք, որ Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիականություն) հետախուզական ծառայության նախնիկ ղեկավարն իր հերթին կարծիք է հայտնել, որ Անկարայի ահաբեկչության ոճն ավելի նման է ԻՊ-ի ոճին:

Իսկ քրդական ANF News լրատվական գործակալությունը հայտնել է, որ թուրքական զինուժը փետրվարի 18-ին շուրջ 200 մետր խորությամբ անցել է Սիրիայի հետ սահմանը և ամրապնդել դիրքերն այդ երկրի տարածքում` Սիրիայի հյուսիսային քրդաբնակ Աֆրինի շրջանի ուղղությամբ, որը PYD-ի հսկողության տակ է:

One response to “Անկարայում պայթյունի համար Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Սիրիայի քրդերին

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ-ն առաջին անգամ հրթիռակոծել է Սիրիայի քրդերի դիրքերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *