Թուրք-քրդական զինված բախումներ Թուրքիայի արևելքում. փետրվարի 16-17

Փետրվարի 16-ին Թուրքիայի Շրնաքի նահանգապետարանը Իդիլ գավառում «փողոց դուրս գալու արգելք» է սահմանել, թուրքական ուժայինները փետրվարի 17-ից արդեն ներգրավվել են քրդերի դեմ մարտերին: Բացի այդ, թուրքական ուժայինների և քրդական PKK-ի զինված բախումները շարունակվում են Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Սուր գավառում:

Փետրվարի 17-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնել էր, որ Սուր գավառում PKK-ի հետ բախումներում փետրվարի 16-ին սպանվել է մեկ հատուկջոկատային, ևս 2-ը` վիրավորվել են: Նույն աղբյուրը նաև հայտնել է Սուր գավառում քրդերի հետ բախումներում փետրվարի 17-ին սպանված ևս 1 հատուկջոկատայինի մասին:

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. Հունվարի 31, 2016 թ.

Թուրքական ուժայինները Դիարբեքիրի Սուր գավառում. Հունվարի 31, 2016 թ.

Փետրվարի 17-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը նաև հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերից մինչ 2016-ի փետրվարի 16-ը Սուր գավառում սպանվել է քրդական PKK-ի 205 զինյալ:

Փետրվարի 16-ին քրդական քրդակիան ANF News լրատվական գործակալությունը հայտնել էր, որ փետրվարի 15-ին PKK-ի գրոհայինները Ջիզրեում թուրքական ուժայինների գործողություններին ի պատասխան` Մարդինի Յուքսեքթեփե գավառում ոստիկանության զրահամեքենա են պայթեցրել, ինչ հետևանքով սպանվել է ոստիկանության առնվազն 5 հատուկջոկատային:

Քրդական աղբյուրը նաև հայտնում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակում են ռմբակոծել Իրաքի տարածքում քրդական բնակավայրերը և PKK-ի բազաները: Թուրքիայի ներսում, մասնավորապես` Շրնաքում, թուրքական ուժայինները շարքունակում են շրջափակված պահել քրդաբնակ վայրերը, իսկ Հաքքարի նահանգի Յուքսեքովա և Չուքուրջա գավառների մի շարք բնակավայրերում Թուրքիայի ԶՈւ-ն գործի է դրել հրետանին և ավիացիան:

Ավելացնենք, որ Թուրքիայի արևելքում ռազմական գործողությունների բացի, թուրքական ուժայինները PKK-ի և այդ կառույցի կողմնակիցների դեմ գործողություններ են իրականացնում նաև Թուրքիայի տարբեր վայրերում: Մասնավորապես «Դողան» գործակալությունը փետրվարի 16-ին հայտնել էր, որ թուրքական ոստիկանությունը նույն օրը Մերսինում ձերբակալել է PKK-ի 61 կողմնակիցների: Նման գործողություններն իրականում ավելի ընդգրկուն են և տարածվում են գրեթե բոլոր խոշոր բնակավայրերում, որտեղ քրդեր են ապրում, այդ թվում` Ստամբուլից մինչև Թուրքիայի արևելյան սահմանները:

Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսին Թուրքիայի արևելքում ուժայինների և քրդերի բախումները նոյեմբերին փոքր-ինչ պասիվացել էին, սակայն 2015-ի դեկտեմբերից դրանք ինտենսիվացան մասնավորապես Դիարբեքիր և Շրնաք նահանգներում: 2016-ի հունվարի վերջին և փետրվարի սկզբին Թուրքիայի զինված ուժերը հայտարարեցին Շրնաք նահանգի Սիլոփի և Ջիզրե գավառներում ամբողջական հսկողություն հաստատելու մասին, սակայն դեռևս շարունակում է գործել «փողոց դուրս գալու արգելքը» և ուժայինները հետ չեն քաշվել: Իսկ Դիաբեքիրի Սուր գավառում դեռևս շարունակվում են ինտենսիվ ռազմական բախումները:

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *