Սաուդյան Արաբիան արդեն մի քանի օր է, ինչ անդամակցում է ԱՄՆ գլխավորությամբ «Իսլամական պետության» դեմ գործող կոալիցիային, և անցած հանգստյան օրերին այդ երկրի ռազմաօդային ուժերն առաջին անգամ ռմբակոծել են Սիրիայում ԻՊ դիրքերը: Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է ԱՄՆ ՊՆ մամուլի խոսնակ Փիթեր Կուկը:
Պենտագոնի խոսնակը չի հստակեցրել, թե որ երկրի տարածքից են Սաուդյան Արաբիայի ՌՕՈւ ինքնաթիռները օդ բարձրացել: Սակայն կարելի է ենթադրել, որ դրանք օդ են բարձրացել Թուրքիայի տարածքից, քանի որ փետրվարի 14-ին Սաուդյան Արաբիայի ՊՆ մամուլի խոսնակ Ահմեդ Ասիրին հայտնել էր, որ իրենք արդեն ռազմական ինքնաթիռներ են տեղակայել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում` Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:
Բացի այդ, փետրվարի 16-ին Reuters գործակալության տվյալներով՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ղեկավարները հեռախոսազրույցում քննարկել են Սիրիայի գործընթացները և ընդգծել, որ «Սիրիայի խնդրում հնարավոր չէ որևէ լուծում գտնել, քանի դեռ Ասադը իշխանություն ունի»: