Զրահատանկային զորքերի անցյալն ու ներկան
Զրահատանկային զորքերը իրենց կիրառությամբ ու կառուցվածքով այսօր մեծապես կախված են օդուժից: Այդպես եղել է դրանց կիրառման լավագույն ժամանակներում` գերմանական բլիցկրիգի դարաշրջանում, այդպես կլինի նաև այդ զորատեսակի գոյության ողջ ընթացքում: Իհարկե, բացառություններ եղել են ու կարող են լինել, օրինակ՝ երբ հակամարտող կողմերն ունեն թույլ օդուժ։
Ինչպես հայտնի է, տանկի ստեղծման անհրաժեշտությունն առաջացավ այն այն ժամանակ, երբ պաշտպանական բնագծերը դարձան անանցանելի հետևակի ու հեծելազորի համար: Այսպիսով տանկերի հիմնական գործառույթը ի սկզանե պաշտպանական բնագծերի ճեղքումն է, երբեմն՝ խոր ճեղքումը: Ճեղքումներն իրականացվում են այն դեպքերում և տեղերում, որտեղ ճեղքելու «բան կա», այսինքն` հիմնականում ամրաշինական կառույցներ կամ հստակ բնագծեր` գրավելով հիմնականում հարթավայրային տարածքներ: Տանկերի կիրառությունը քաղաքներում, զուտ պաշտպանական մարտերում պահանջում է մեծ զգուշություն, այլապես այն կարող է ցավալի ավարտ ունենալ, ինչի օրինակ է Գրոզնիի գրոհը 1995-ի հունվարին։ Լեռնային տեղանքում ևս տանկերի կիրառությունը դրվագային է։
Ինչպես նշեցինք սկզբում՝ զրահատանկային զորքերի կիրառությունը մեծապես կախված է օդուժից և օդային հարձակման միջոցների (ՕՀՄ) դերի աննախադեպ աճը, ինչպես նաև ՕՀՄ հիման վրա օդածովային և օդատիեզերական արդյունավետ գործողությունների օրինակները կասկածներ առաջացրին տանկերի ապագայի նկատմամբ։ Այլ կերպ ասած, երբ ճեղքելու, գրավելու բան չկար, հակառակորդը հիմնականում ոչնչացվում էր օդից, իսկ ցամաքային ուժերը կարող էին անգամ անվնաս մնալով պատերազմը տանուլ տալ: 1973թ. իսրայելական օդուժն ուղղակի կանգնեցրեց քանակապես մի քանի անգամ գերազանցող և Բար-Լևի բնագիծը հաջողությամբ ճեղքած տանկերի լավան` խորհրդային մի քանի հազար ժամանակակից տանկեր: 1999-ին Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի գործողություններում Հարավսլավիայի ցամաքային զորքերը չնչին կորուստներ կրեցին, ինչը սակայն Հարավսլավիային պարտությունից չփրկեց։ Իսկ 2003թ. Բաղդադ հասած ամերիկյան դիվիզիաները տանկերով հիմնականում դուրս էին եկել «զբոսանքի», քանի որ ամեն մի դիվիզիային ուղեկցող ուղղաթիռների քանակը հասնում էր մեկ-երկու հարյուրի: Այսինքն` օդային գերազանցությունը լիովին ապահովված էր, որի դեմ հակառակորդի տանկերը ոչինչ անել չէին կարողանում: Այրված ու խոցված հարյուրավոր տանկեր կամ այլ զրահատեխնիկայի միջոցներ անգամ լավ քողարկված վիճակում, նույնիսկ առանց մի կրակոց կատարելու մնացել էին տեղում, քանի որ դարձել էին տարատեսակ ՕՀՄ-ների զոհ:
Այդուհանդերձ, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական գործողություններ իրականացնելիս ցամաքային զորքերի (ՑԶ) հարվածային հիմնական միջոցները շարունակում են մնալ զրահատանկային զորքերը: Ճիշտ է շատերն էին շտապում այս զորքերը ուղարկել պատմության հետնաբեմ, սակայն դա դեռ վաղ է: Դրանում կարելի է համոզվել Ուկրաինայի քաղաքացիական պատերազմի օրինակով։ Եվ կառավարական ուժերը, և ապստամբները լայնորեն կիրառում էին տանկեր ու տանկային ստորաբաժանումներ ճեղքումների ու հակառակորդի ուժերի շրջափակման համար։
Հակառակորդի պաշտպանական բնագծերը կարելի է չճեղքել, այլ ուղղակի շրջանցել, սակայն դրա համար օդադեսանտային մեծ ուժեր են հարկավոր և հզոր ՕՀՄ-ներ: Սա թանկ հաճույք է, իսկ երկարատև պատերազմներում այն կարող է առհասարակ չստացվել կամ արդյունավետ չլինել: Մեր տարածաշրջանում զրահատանկային զորքերն, իհարկե, ունեն կիրառության լուրջ սահմանափակումներ, մասնավորապես դժվար է բացազատել զրահատանկային զորքերի մեծ ստորաբաժանումներ: Պատճառը լեռնային տեղանքն է, սակայն որոշ խնդիրներ լուծելիս` մասնավորապես հակառակորդին վերջնականապես ջախջախելու և տարածքներ ազատագրելու, նվաճելու ժամանակ, զրահատանկային զորքերն առայժմ անփոխարինելի են: Պետք է հաշվի առնել նաև, որ օրինակ՝ հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմում միանգամայն հավանական է մարտական գործողությունների տեղափոխումը Արցախի սահմաններից դեպի արևելք, որտեղ տեղանքն առավելապես հարթավայրային է։
Ժամանակակից խնդիրները
Սակայն անփոխարինելի ասելով այստեղ նկատի ունենք ոչ թե տանկն իր դասական տեսքով, այլ՝ զրահատանկային զորքերը։ Իսկ տանկի տեսքը կարող է և փոխվել։ Ավելին՝ նույնիսկ դասական տեսքով տանկն այսօր ընթացող պատերազմներում հաճախ մասնակցում է զգալի կերպարանափոխված, քանի որ շատ արագ հարմարացվում են այդ պատերազմի յուրահատկություններին։ Մասնավորապես Սիրիայում սկզբում անձնակազմերի ջանքերով ու ձեռքի տակ եղած միջոցներով, ապա նաև արդյունաբերական մասշտաբներով ու միասնական մտահղացմամբ սկսեցին առկա տանկերը հարմարացնել քաղաքային մարտերի համար, որոնք առավել ծանրն են Սիրիայում։
Տեղանքի ընձեռած հնարավորություններից բացի, տանկային ստորաբաժանումների կիրառման արդյունավետությունը մեծապես կախված է նաև այն հանգամանքից, թե որքան գրագետ են դրանք կիրառվել։ Այսպես օրինակ՝ Արցախյան գոյամարտի ժամանակ մինչև 40-50 տանկ ունեցող ստորաբաժանումներ կիրառել է հիմնականում ադրբեջանական կողմը, սակայն այդ քանակով հիմնականում հաջողության չի հասել: Ոչ միայն տեղանքը, այլև անգրագետ կիրառությունը երբեմն չհիմնավորված մեծ կորուստների պատճառ են դարձել: Հայկական կողմը պատերազմի սկզբում տանկերի նման քանակ կիրառել չէր կարող, քանի որ նախ չուներ, իսկ հետո գործողությունների բնույթն էր այլ:
Կրակային աջակցության նպատակով հայկական ուժերը հիմնականում ջոկատների միջև էին բաժանում իրենց սահմանափակ քանակությամբ տանկերը. չէ՞ որ տանկերը, շնորհիվ իրենց հարթափող հրանոթների, հրետանային դիպուկահարներ են մինչև 2-2,5կմ հեռավորության վրա: Մարտական գործողությունների վերջին փուլում, երբ հայկական ուժերը հաջողությամբ ազատագրական գործողություններ էին իրականացնում, սկսեցին լավ խուսանավող զրահախմբեր կիրառել:
Ժամանակակից զրահամեքենաների` մասնավորապես տանկերի հիմնական խնդիրը դրանց սահմանափակ տեսադաշտն է, կրակային միջոցների արագաձգությունը և բազմանշանակությունը: Կարևոր է նկատի առնել նաև ժամանակակից տանկի մեծացող քաշը և դրանից բխող անցունակության, տեղափոխման և այլ խնդիրները: Ժամանակակից հզոր տանկերի քաշը կազմում է 60-65 տոննա, շարժիչների հզորությունը հասնում է 1500 ձիաուժի[1]: Եվ սա այն դեպքում, երբ ժամանակակից տանկերը ստեղծված են սառը պատերազմի ժամանակի կանոններով, երբ հիմնական հարվածը սպասելով ճակատից` ամուր էր ստեղծված միայն ճակատային զրահը: Նոր արտադրվող տանկերը պետք է հավասարաչափ պաշտպանված լինեն բոլոր կողմերից, ինչն ավելի մեծ խնդիրներ կստեղծի: Բանն այն է, որ անկանոն մարտական գործողություններում միայն ճակատային գրոհներ չեն լինելու: Արդյունքում այսօր չափազանց փոքր է տանկերի կրակարտադրության արագությունը, որը այդպես կլինի, քանի դեռ հիմնական սպառազինություն են հրանոթները: Տանկի շարժունակությունը բավարար չէ: Այսինքն` պատերազմի գլխավոր կանոններից երկուսին` խուսանավել ուժերով և կրակով, տանկն արդեն հակասում է:
Ամերիկյան մասնագետները մոտ 50 տարվա պատերազմների ուսումնասիրությունից հետո եկել են այն եզրակացության, որ հավասար մարտում պարտության պատճառները բաժանվում են հետևյալ կերպ`
- 67 տոկոս խուսանավում,
- 12 տոկոս կրակային հզորություն,
- 12 տոկոս օգնության պակաս և այլն[2]:
Պատահական չէ, որ վերջին անգամ տանկերը և զրահատեխնիկան մեծ քանակով կիրառվել են իրան-իրաքյան պատերազմում: Դրանից հետո եղած փորձերը ոչ մի հաջողություն չեն ունեցել: Տեղային պատերազմներում դրանց դեմ հիմնականում արդյունավետ գործել է օդուժը: Շարքից արագությամբ դուրս են եկել հարյուրավոր մեքենաներ, սակայն դրանցով իրականացված գործողությունները սահմանափակ են, իսկ ձեռք բերած հաջողությունները` համեստ: Նոր սերնդի պատերազմներում տանկերի դերակատարությունը նվազագույն է: Միգուցե, ԱԹՍ-ների կամ արբանյակային ուղղորդման կամ ցանցակենտրոն պատերազմի տեսության կիրառմամբ տանկի տեսադաշտի խնդիրը լուծվի: Չի բացառվում անգամ տանկի վրա սեփական ՌՏԿ-ի տեղադրումը. այդ գաղափարն արդեն շրջանառվում է: Ռուսական նոր տանկը, որը ցուցադրվեց հաղթանակի յոթանասունամյակի շքերթին Մոսկվայում, այս խնդիրներից որոշները լուծելու համար էր ի սկզբանե ստեղծվել: Մասնավորապես անձնակազմի անվտանգության հարցը փորձել են լուծել հատուկ խցիկի միջոցով, զրահի ամրությունը բարելավել են հատուկ նյութերի օգնությամբ, փորձել են տեղադրել հատուկ ՌՏԿ, սակայն վերը թվարկած բոլոր հարցերը, միևնույն է, հնարավոր չէ լուծել, և դրանք անգամ նախագծով չեն էլ նախատեսվել, օրինակ` կրակարտադրության հարցը, տեսադաշտի հարցը, քաշի հարցը և այլն:
Չնայած ցանցահարթակակենտրոն պատերազմը իր ընդհանուր ու վերջնական տեսքով առաջիկայում դեռ կիրառելի չի լինի այնպիսի գերտերությունների դեմ, ինչպիսիք են ՌԴ-ն և Չինաստանը, սակայն միայն մի բաղադրիչի բարելավմամբ տանկի ընդհանուր թերությունները չեն վերանում: Բացի դրանից` տեսադաշտի հարցը, եթե անգամ բարելավվի էլ, նորից տեղափոխվում է օդային գերակայության դաշտ. անգամ այդ փոքր ԱԹՍ-ները, որոնք կարող են արձակվել, օդային բաղադրիչի տարրեր են: Մոտավորապես 1000 տանկի կիրառության դեպքում բոլորը չէ, որ փոքր, սեփական ԱԹՍ-ներ կարձակեն: Դրանք տեղեկություններ են ստանալու մեկ այլ` մեծ ԱԹՍ-ից կամ օդային այլ բաղադրիչից, ինչը կախված կլինի օդային գերակայությունից: Իսկ հազարավոր փոքր ԱԹՍ-ները ևս շուտով լիարժեքորեն կմտնեն օդային գերակայության պայքարի մեջ: Բանն այն է, որ մեծ զորամիավորումների հարյուրավոր փոքր ստորաբաժանումներից և տանկերից յուրաքանչյուրը եթե իր ԱԹՍ-ն արձակի, երկնքում ուղղակի տեղ չի լինի: Կա՛մ կսկսվի միկրոսարքերի օդային գերակայության, կա՛մ դրանց միավորող մեծ սարքերի պայքար: Նույն բանը կարող է ստացվել սեփական ՌՏԿ-ների լայն կիրառության կամ ակտիվ պաշտպանության համակարգերի օգտագործման դեպքում: Եթե ամեն մի տանկ իր վրա մի փոքր զենիթահրթիռային համակարգ կրի, դրանով գործը փակուղի կմտնի ապակենտրոնացման պատճառով, իսկ եթե համակարգային կերպով կառավարվի, կրկին գործը կմտնի օդային գերակայության դաշտ: Այսինքն` տանկերը ցանկացած դեպքում, անգամ նորագույն լուծումներով նախատեսված են անցած պատերազմների համար կամ իրենց ցանկացած զարգացմամբ մտնում և ենթարկվում են օդային գերակայության տիրույթին: Առաջիկայում բացառվում են համաշխարհային պատերազմների դասական ոգով ընթացող լայնածավալ ճակատամարտերը: Մարդկության զարգացման հետ մեկտեղ մեծաթիվ զոհերով պատերազմները մերժվում են:
Հետաքրքիր է, որ տանկերի նոր սերնդի ստեղծման աշխատանքներ այս պահին տարվում են միայն Ռուսաստանում (եթե չհաշվենք ֆուտուրիստական կոնցեպտները, որոնք սակայն որպես կոնցեպտ էլ մնում են), ինչն ինչ-որ իմաստով պարտադրված քայլ էր, քանի որ ներկա սերնդին պատկանող տանկերից խորհրդային/ռուսական տանկերը առավել քիչ են հարմարեցված մարտադաշտի նոր իրողություններին և նրանց արդիականացման պոտենցիալը գրեթե բոլոր ուղղություններով (տեսադաշտ, կրակային հզորություն, պաշտպանվածություն, ինտեգրացում մարտի այլ մասնակիցների հետ ևն) խիստ սահմանափակ է, ի տարբերություն արևմտյան տանկերի։
Այս ամբողջ համատեքստում ուշագրավ է նաև այն, որ օրինակ՝ ԱՄՆ-ում ոչ միայն չեն շտապում սկսել նոր սերնդի տանկի ստեղծման աշխատանքները, այլև կրճատում են առկա տանկային պարկի արդիականացման ծավալները։ Այսպես օրինակ՝ 2011թ. «M1 Abrams» հիմնական տանկի կատարելագործման համար հատկացված գումարները 2010թ. համեմատ կրճատվել էին կիսով չափ: Իսկ 2012թ. այդ գումարը կրկին կրճատվել է: Մինչև 2017թ.-ը այդ ծախսերը նվազելու են, իսկ կատարելագործման փուլը կընթանա շատ դանդաղ[3]: Եվ սա այն դեպքում, երբ ամերիկյան «M1 Abrams» հիմնական տանկը նախատեսվում է սպառազինության մեջ թողնել մինչև 2050թ.: Ամերիկյան բանակը պլանավորում է մինչև 2028թ. քիչ-քիչ կատարելագործել իր այս մեքենաները՝ տարեկան մեկ տասնյակի չափով: Փաստորեն` մի կողմից ամերիկացիներն իրենց տանկը չեն փոխում, մյուս կողմից այն գրեթե չեն կատարելագործում:
Բայց չէ ՞ որ, հաշվի առնելով Արևմուտքի տեխնոլոգիական մակարդակը՝ հենց այնտեղից են սպասելի հեղափոխական քայլեր։ Ու քանի որ այս ոլորտում նման բան չի արվում, ուրեմն չանելու համար հիմնավոր պատճառներ կան: Պարզապես տանկերի հնարավորությունները մոտեցել են վերջին հանգրվանին և նոր բեկում այդ ոլորտում դժվար է սպասել (համենայն դեպս եթե չլինի տեխնոլոգիական ինչ-որ բացառիկ բեկում): Եղած տանկերից լավագույնները, որոնք ինտեգրված են օդային գերակայությանը, միևնույն է, կիրառվելու են Եվրասիայում: Իսկ այնտեղ` հիմնականում իրենց ռազմավարությամբ սահմանափակ անմիջական կոնտակտային մարտերում, օդային գերակայության ապահովումից հետո արևմտյան լավագույն մեքենաները հաղթող են դուրս գալու: Այսինքն` Արևմուտքը` մասնավորապես ԱՄՆ-ն, ըստ էության չի պատրաստվում Եվրասիայում լայնածավալ մարտական գործողություններ վարել հյուծիչ պատերազմում, այլապես մենք վաղուց կտեսնեինք տանկերին փոխարինողներին: Իսկ ռուսական աշխատանքները նոր տանկի ստեղծման ուղղությամբ, ինչպես նշեցինք, պարտադրված քայլ էին։
Աշխարհում ստեղծված վերջին սերիական տանկը ճապոնական «Type 10»-ն է, որը պարզ մեքենա է համարվում: Այս մեքենան ստեղծվել է մոտավորապես տասը տարի առաջ: Այն իր չափերով ու քաշով խորհրդային մեքենաներին շատ նման է: Չնայած էլեկտրոնային զարգացած համակարգեր ունի՝ համարվում է ժամանակավոր և թույլ մեքենա: Այդուհանդերձ, մինչև 50 տոննա քաշ ունեցող տանկերի մեջ լավագույնն է:
Ճիշտ է` ռուսական «T-90C» տանկը «T-72»-ի հայտնի գծի շարունակությունն է: Այս գծում խորհրդային մեքենաները ամենապարզն են, սակայն հուսալիությամբ բավականին զիջում են և նախատեսված են տոտալ պատերազմների համար:
Տանկերը միանգամից չեն վերանալու, ինչպես համացանցը չվերացրեց թերթերը կամ կինոն, թատրոնը: Բայց չվերանալու հիմնական պատճառն այն է, որ աշխարհի ռազմական ծանրության կենտրոնը նորից վերադառնում է Եվրասիա: Այստեղ պատերազմները չեն վարվելու օդային բաղադրիչի թելադրության շեշտված գերակայությամբ: Կգերակայեն ցամաքային պատերազմները, որտեղ զրահատեխնիկան ընդհանրապես մեծ դեր կխաղա: Իսկ տանկերը դեռ երկար կմնան, քանի որ այդ տարածաշրջանի որևէ պետություն հեղափոխական քայլերի չի գնալու:
Ռազմաքաղաքական խոչընդոտներ
Աշխարհում միշտ լինում են «մոդան», այսինքն` ռազմական զարգացումները թելադրող, սկզբնադիր և հետևող երկրներ: Փորձը ցույց է տվել, որ նման երկրները հիմնականում Արևմուտքում են, իսկ արևմտյան բանակներում առկա են աշխարհի լավագույն տանկերը, և կա շեշտված օդային դոկտրինա. նոր մեքենա ստեղծելու մասին խոսք չկա: Համեմատաբար նորացված տանկեր ստեղծում են արևելյան երկրները` Չինաստանը, Կորեան, Ճապոնիան: Ռուսաստանը ևս փորձում է ստեղծել[4]: Նոր տանկերը, ըստ էության, հայեցակարգային առումով նոր մեքենաներ չեն, այլ հիմնականում արևմտյան մեքենաների տեղայնացումներն են: Նոր մեքենայի ստեղծման մասին խոսվում է ռուսական մասնագիտական շրջանակներում, սակայն դեռ գործը տեղից չի շարժվում:
Իրականում տանկերի փոխարինողների և կատարելագործումների մասին քննարկումները չեն դադարում:
Մասնագետները կարծում են, որ եթե ռուսական նոր տանկ ստեղծվի, ապա այն պետք է ունենա մոտավորապես 140մմ-անոց հրանոթ, քանի որ գործող 125-ը լրջորեն զիջում են արևմտյան 120-ին, իսկ առաջիկա կատարելագործումների արդյունքում ավելի հետ կմնա: Դա իր հետ կբերի մեքենայի գերծանրացման ու գերթանկացման:
Մյուս տեսակների զրահամեքենաների շատ հնարավորություններ բավականին մոտեցել են տանկերին: Բայց դրանք ևս մոտենում են իրենց հնարավորությունների սահմանին: Ժամանակակից մարտական մեքենաներն իրենց քաշով, շարժիչների հզորությամբ և շատ ծախսերով մոտեցել են 1950-1970-ականների տանկերին: Իսկ տանկերի քաշն արդեն անցնում է խելամիտ բոլոր սահմանները: Ճիշտ է` դրանք արվում են պաշտպանությունն ավելացնելու նպատակով, սակայն տանկի կամ զրահամեքենայի պաշտպանության խնդիրը հավերժ չի կարելի լուծել քաշի ավելացման հաշվին: Դա նույնն էր, որ կործանիչներն օդում այնքան զրահավորվեին, որ դիմանային հրթիռների հարվածներին: Միևնույն է` 10-15 տոննայանոց զրահամեքենաները դիմանում են հրաձգային հիմնական զենքերի հարվածներին, իսկ դրանից խոշոր խոցման միջոցների համար խոցելի են ինչպես դրանք, այնպես էլ տանկերը: Սա նշանակում էր, որ այլ ելք պետք է փնտրել:
Այս հարցերը կարևոր են հատկապես Հայաստանի համար, քանի որ երկիրը կանգնած է մարտական նոր ակտիվ գործողությունների վերսկսման շեմին:
Նոր լուծումները
Այստեղ ելքը մեկն է` ինտեգրում: Ամենայն հավանականությամբ դրանք կլինեն միահիմք` նույն հարթակի վրա: Կտարբերվեն միայն զենքի համակարգերով: Տարբեր երկրներում նման փորձնական նմուշներ են ստեղծվում: Իսրայելում խորհրդային հին «Т-54/55» տանկերի հիման վրա ստեղծել են «Achzarit» մարտական մեքենաները, որոնք, բնականաբար, ավելի պաշտպանված են, իսկ աշխարհի լավագույն տանկերից մեկի` «Merkava»-ի հիման վրա ստեղծել են «Namer» մարտական մեքենան: Անգամ տանկի տարբերակում այս մեքենան ունի լրացուցիչ անձնակազմի բաժին[5], ինչը բացառիկ երևույթ է տանկերի համար: Այսինքն` այն նոր տեսակի բազմանպատակ տանկերի օրինակ է: Իսրայելն այս հարցում առաջատար է:
Միահիմք զրահավորված բազայի ստեղծման մասին են խոսում նաև ԱՄՆ-ում, ՌԴ-ում: Ահա այն հիմքերը, ըստ որոնց որոշ ժամանակ անց տանկը լինելու է բազմանպատակ համակարգ: Նման հնարավորություն նկատվում է մոդուլյար հզոր սպառազինությամբ, որը մասնակիորեն տեղադրվում է թեթև զրահամեքենաների վրա: Այս ամենը նաև ցանցահարթակակենտրոն պատերազմների ցամաքային բաղադրիչն է, որտեղ տանկերը միշտ էլ կարևոր տեղ են ունեցել:
Ոչ ավանդական մարտական գործողությունների ժամանակ կիրառվող ժամանակակից զրահատեխնիկան, որն անվանում են նաև «օկուպացիայի միջոց», լայն հնարավորություններ է ստանում. այն դառնում է տանկերին օգնող միջոց կամ դանդաղ գնում է դեպի միաձուլում: Հատկապես հետաքրքիր է դրանց օգնականի կարգավիճակը: Պաշտպանությունը ճեղքող տանկին խիտ կրակային աջակցություն, լավ տեսադաշտ և շարժունակություն ապահովող այս մեքենաները հետաքրքիր լուծումներ են առաջարկում:
Նման միջոցներից ուշագրավ է, օրինակ, ռուսական «БМПТ (Объект 199 Рамка)» զրահամեքենան, որը պատրաստված է տանկի հիմքի վրա, սակայն բոլորովին նոր տիպի տեխնիկա է: Մեքենան սպառազինված է 30մմ-անոց ավտոմատ երկու հզոր հրանոթով, ավտոմատ երկու նռնականետով, հակատանկային հրթիռային բազմաալիք համալիրով և սովորական գնդացրով: Ակնհայտ է այդ մեքենայի կրակային հզորությունը` ավելացրած այն, որ հրամանատարից բացի, անձնակազմում են նաև երկու նշանառու, իսկ մեքենան կարող է կրակ վարել միանգամից երեք նշանակետի ուղղությամբ[6]: Նման մեքենաներն ապագայում մեծ կիրառություն կունենան: Հետաքրքիրն այն է, որ դրանք ստեղծելն այնքան էլ բարդ գործ չէ: Հիմնական սպառազինությունը և բազան հնարավոր է վերցնել հին տեսակներից: Խնդիրը հիմնականում էլեկտրոնիկան է. զենքի ղեկավարման համակարգն է որոշում դրանց հիմնական հաջողությունը: Այսօր արդեն ստեղծված է այս մեքենայի առավել կատարելագործված տարբերակը:
Նման մեքենաների հիմնական սպառազինությունը կարող են լինել 30մմ-անոց ավտոմատ երկու հրանոթները` արկերի մեծ պաշարով: Անհրաժեշտ է, որ աշտարակի վրա գտնվող սպառազինությունը լինի զրահապատված: Այսպիսի համակարգը կարող է զինված լինել նշանակետերի հայտնաբերման ռադիոլոկացիոն, արբանյակային, լազերային և այլ համակարգերով: 30մմ տրամաչափով երկու ավտոմատ հրանոթները միասին պետք է ունենան րոպեում ոչ պակաս 2500-3000 կրակոց արագաձգություն: Անհրաժեշտ է, որ կարողանան կրակել միասին ու առանձին նշանառման գծերով: Ընդհանուր պաշարը պետք է կազմի մոտավորապես 5000 արկ:
Անհրաժեշտ է, որ մեքենան զինված լինի նաև ավտոմատ նռնականետներով, որոնք ևս պետք է գործեն միասնաբար և առանձին: Մեքենան պետք է ունենա 7,62մմ-անոց երկու սովորական գնդացիր և զինված լինի հրթիռային համալիրով, որը կարող է գործել առնվազն երկու տարբեր նշանակետերի ուղղությամբ, ունենա 8 հրթիռ: Կարևոր է, որ մեքենան զինված լինի լազերային ճնշման համակարգով, պաշտպանական ժամանակակից համակարգերով և այլն: Համալիրը կարող է սպառազինության որոշ տեսակներ տեղակայել հիմնական իրանում և դուրս հանել կիրառման ժամանակ: Որոշ տեսակներ կարող է կիրառել հենց իրանից, սակայն ավտոմատ հրանոթները պետք է տեղադրված լինեն աշտարակի վրա և կիրառվեն շրջանաձև: Գնդացիրները ևս պետք է կիրառվեն շրջանաձև ու ավտոմատ հրանոթներից անկախ` բազմաշտարակ սխեմայով, ինչը տարածված է հատկապես ամերիկյան ավտոմատ ռոբոտների մոտ: Մեքենայի երկու օպերատորները պետք է կարողանան ցանկացած պահի իրենց վրա վերցնել զինատեսակների այս կամ այն խմբի ղեկավարումը: Մեկ այլ խումբ էլ կարող է կիրառել հրամանատարը: Նման մոտեցման դեպքում, երբ ամբողջ գործընթացը կկատարվի նաև էլեկտրոնային սարքերի միջոցով, հնարավոր կլինի խոցել միանգամից չորս նշանակետ: Նման մեքենան նաև պետք է հնարավորինս հավասարաչափ պաշտպանություն ունենա բոլոր կողմերից, քանի որ այն զուտ ճեղքման համար չէ: Գործելու է խառը մարտական միջավայրում և հարվածներ է սպասելու բոլոր կողմերից: Այս դեպքում նման մեքենան, տանկի հետ համեմատած, կունենա ևս մեկ առավելություն: Այն կարող է առավել արդյունավետ պայքարել օդային նշանակետերի դեմ:
Տանկերը հիմա նման են 1920-1940-ական թվականների զրահագնացքներին և զրահանավերին, որոնք օդուժի ազդեցությամբ վերացան: Հատկապես հետաքրքիր են ոչ ավանդական զրահամեքենաները, որոնք ստանում են նորանոր հնարավորություններ: Դրանք քայլ են դեպի միաձուլում և ինտեգրում:
Տանկերը ասիական ապագա պատերազմներում կարող են նաև ստանալ օդուժի մեկ այլ հատկանիշը` ԱԹՍ-ների բնույթը: Կարող են ստեղծվել նոր` ավելի թեթև ու պարզ մեծաքանակ տանկեր, որոնք անձնակազմ չունենան: Դրանք պիտի կարողանան մասնակցել ճեղքումներին առաջին իսկ էշելոնում, իսկ դրանց հետևից ոչ մեծ հեռավորության վրա ղեկավարեն արդեն սովորական տանկերը` իրենց հրամանատարներով: Ճեղքումների ժամանակ նախնական գործողությունները բարդ մարտավարական կոմբինացիաներ չեն ենթադրում, բայց ամենամեծ կորուստները այդ ժամանակ են լինում, հետևաբար առանց անձնակազմի նման մեքենաները լավ միջոցներ են: Հակառակորդի պաշտպանությունը ճեղքելուց հետո հաջողությունը կզարգացնեն արդեն սովորական տանկերը, քանի որ այստեղ արդեն հարկավոր են նման մեքենաներ: Կրակային աջակցության մեքենաների դերը ևս ավելի հստակ կլինի. դրանք կլրացնեն ճեղքումը զարգացնող խմբերը, որոնք քանակով կարող են փոքր լինել և կրակային արագ ու բազմակողմանի աջակցության կարիք կունենան: Այս տարբերակը նաև ժամանակակից օդային պայքարի հիմքում է. ապագա պատերազմներում առաջին էշելոնում կպայքարեն մարտական ԱԹՍ-ները, իսկ հետևից դրանց կղեկավարեն և մարտի մեջ կմտնեն կործանիչները: Սա բնորոշ է նաև ցանցակենտրոն և հարթակակենտրոն պատերազմներին:
Այստեղ գլխավորը կրակային հնարավորության հարցն է, որը տեղափոխվում է այլ հարթություն: Զրահատեխնիկան ևս շեշտադրումը պետք է անի առաջինը տեսնելու, հնարավորինս մեծ տեսադաշտ ունենալու և շատ թիրախներ խոցելու վրա` այս ամենին գումարած նաև խուսանավումը, դիրքի և կրակի արագ փոփոխությունները, այսինքն` տիպիկ օդային մարտի սկզբունքների տեղափոխումը զրահամեքենաների ու տանկերի կիրառության, մարտավարության վրա: Տանկերի պաշտպանության հարցը արդեն վաղուց փորձում են լուծել նույն օդային հարձակման և պաշտպանության հակազդեցության մոդելով: Մեքենաների վրա տեղադրում են փոքրիկ զենիթային համակարգեր, որոնք կխոցեն մոտեցող արկերին ու հրթիռներին: Այս հարցում կրկին առաջատարը իսրայելական բանակն է, որը ոչ միայն ունի առաջին սերիական տանկեր նման պաշտպանությամբ, այլև դրանք մարտական իրավիճակում կիրառել է[7]: Թե որքան արդյունավետ կլինեն դրանք, ցույց կտա ժամանակը[8], սակայն դա նույն օդային մոդելի տեղափոխությունն է տանկերի վրա: Նոր տանկերը կլինեն մոդուլյար: Դրանք կարող են թեթևացվել, դառնալ հիբրիդային, առանց անձնակազմի, ստանալ նոր սկզբունքով աշխատող սպառազինություն, սակայն դրանց` օդային գերակայության կանոններին ենթարկվելը այլևս անդառնալի է և իրենց միակ փրկությունը:
Հարցն այն է, որ և՛ սկզբունքները, և՛ լուծման տեխնոլոգիաները այսօր գալիս են օդային գերակայությունից: Այսինքն` օդային բաղադրիչը վերջնականապես իրեն է ենթարկում նաև ՑԶ-ի «հածանավերը» ևս:
Սա լրացուցիչ կերպով ապացուցում է այն տեսակետը, որ օդային գերակայությունը տարածվում է բոլոր ոլորտների վրա: Ծովուժում դա վաղուց է եղել, հրետանին ևս արդեն ենթարկված է օդային գերակայությանը, լավագույն հրետանային միջոցները ՕՀՄ-ներ են, այժմ ժամանակը ցամաքային մյուս զինտեխնիկայինն է: Ցանցահարթակակենտրոն պատերազմը օդային ղեկավարման հիմքով է, և այն իրեն է ենթարկեցնում այլ զորատեսակների զարգացման փիլիսոփայությունը:
[1] R. P. Hunnicutt. Abrams: A History of the American Main Battle Tank Vol.2. — Novato, CA, 1990. p. 306.
[2] Ю. Фесенко, В. Бабкин, Критерии поражения: из опыта прошлых воин (критический анализ статьи в журнале «Арми») ЗВО 6/1991, стр. 13-15.
[3] New Army tank could mean changes for M1A1 fleet. Sep. 27, 2009. http://www.marinecorpstimes.com; P. Ewing. The tank at the end of history. April 21, 2011. http://www.dodbuzz.com
[4] «Армата» կոչված նախագիծը դեռ սաղմնային է, սակայն արդեն իր տեսքով ու հայտարարված տվյալներով մի եզրակացության տեղիք է տվել: Ռուսական մեքենան, որն արդեն ցուցադրվել է փորձնական օրինակների մակարդակով, ընդհանուր առմամբ արևմտյան մեքենաների նման կառուցվածք ունի, հետևաբար դրանց նման էլ ծանր է ու թանկ: Սակայն այն արդեն մեր ներկայացրած հայեցակարգի տրամաբանությամբ է ստեղծվում` լավ տեսադաշտ, ընդհուպ մինչև սեփական ՌՏԿ, լավ շարժունակություն և այլն, որոնք այն ենթարկեցնում են օդային գերակայությանը կամ տանում ինքնասպանության:
[5] Oleg Granovsky, The Merkava MBT series. http://www.waronline.org/en/IDF/arms/merkava.htm
[6] «Техника и вооружение» №8, 2009г., стр. 25; «Военный парад» №3, май-июнь, 2006г, стр. 28-29; «Военный парад» № 2 (98), март ” апрель, 2010.
[7] David de Bruijn. Israel’s Iron Dome, Tank Edition: The “Trophy” System. http://nationalinterest.org/feature/israels-iron-dome-tank-edition-the-trophy-atgm-system-10974?page=2. July 30, 2014; Anti-tank missile defense system makes debut. Published by Globes [online], Israel business news ” www.globes-online.com ” on July 20, 2014. http://www.globes.co.il/en/article-debut-for-anti-tank-missile-defense-system-1000956678
[8] Մենք համոզված ենք որ մասնակի օրինակների պարագայում դա արդյունավետ կարող է լինել, սակայն լայնածավալ մարտական գործողությունների ժամանակ` ոչ: