Թուրքիայում պայթյունի հետևանքով 25 զինծառայող է մահացել

Երեկ ժամը 22:15-ի սահմաններում Թուրքիայի Աֆոն նահանգի Աֆոնգարահիսար քաղաքի զինամթերքի պահեստում դեռևս չպարզված հանգամանքերում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով թուրքական բանակի 25 զինծառայող մահացել է, ևս 4-ը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնում է ռուսական Ռիա Նովոստի լրատվականը՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի տարածած հաղորդագրությունը:
Տեղի ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների համաձայն՝ պահեստում գույքագրում էր իրականացվում:
NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պայթյունն այնքան հզոր է եղել, որ անջատվել է նահանգի վարչական կենտրոնի էլեկտրամատակարարումը, կոտրվել են զորամասին մոտ տների պատուհանները, իսկ խուճապի մատնված բնակիչները սարսափահար փողոց են նետվել:
Աֆոն նահանգի իշխանությունները հայտարարել են, որ կատարվածը ահաբեկչություն չէ:
Այնուհանդերձ պետք է նշել, որ Թուրքիայում վերջին շրջանում բավական ակտիվացել են Քրդական Բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալները: Մասնավորապես օգոստոսի 3-ին ՔԲԿ զինյալները Թուրքիայի Շիրնակի նահանգում նռնականետերից և ավտոմատներից գնդակոծել են տեղի ռազմական օբյեկտները, ինչի հետևանքով թուրք 10 զինծառայող է սպանվել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *