ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրետանավորները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարաժարանում սկսել են մեկամսյա դաշտային վարժանքները: Այս մասին այսօր` փետրվարի 16-ին, Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Վարժանքների առաջին փուլում ռազմաբազայի հրետանավորները շուրջ 100 կմ ռազմերթ են կատարել մինչև «Ալագյազ» զորավարժարան և արդեն ներգրավվել են դաշտային վարժանքներին:
Մեկամսյա վարժանքների ընթացքում ռուսաստանյան ռազմաբազայի հրետանավորները պետք է սովորեն «Գվոզդիկա» հաուբիցների, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Պոդնոս» ականանետերի, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրների` ռազմերթի ընթացքում մարտական պատրաստության բերելու մեխանիզմները:
Հրետանավորները հանձնելու են ավելի քան 20 նորմատիվ, այդ թվում` տեղագրական, օդերևութաբանական, բալիստիկ պատրաստության, հետախուզության վարման, թիրախների կոորդինատների հայտնաբերման և կրակային հաշվարկներին տվյալները փոխանցելու կոլեկտիվ և անհատական նորմատիվները:
Մարտկոցների և հաշվարկների մարտական պատրաստության բերման աշխատանքների ընթացքում հրետանավորները առաջին անգամ կսովորեն կրակել փակ կրակային դիրքերից:
Վարժանքների վերջին փուլում ՌԴ ԶՈւ ՀՌՇ հայաստանյան ռազմաբազայի հրետանավորները կիրականացնեն հաստիքային զենքերից կրակային վարժանքներ` «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ:
«Ալագյազ» զորավարժարանում դաշտային վարժանքների յուրահատկությունը կապված է զորավարժարանի բարձրլեռնային գոտու առանձնահատկությունների, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների, ինչպես նաև կրակային դիրքերից ավելի բարձր գոտում տեղակայված թիրախների հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-13-ին ՌԴ ԶՈւ հարավարևմտյան ռազմավարական ուղղության բոլոր ստորաբաժանումները բերվել էին մարտական պատրաստության լրիվ աստիճանի: Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տանկային, մոտոհրաձգային, հրետանային, զենիթային և հատուկ նշանակության ստորաբաժանումները ևս ներգրավվել էին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հանկարծակի ստուգումներին:
Pingback: Մեկնարկել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հրետանավորների մեկամսյա վարժանքները | Ռազմ.info