Հայաստանի զինված ուժերում մեկնարկել է ձմեռային ուսումնական փուլը

Փետրվարի 15-ին զինված ուժերում հանդիսավորությամբ մենկարկել է 2016 թվականի ձմեռային ուսումնական փուլի սկիզբը: Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինված ուժերի զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հանդիսավոր երթը՝ ՀՀ զինված ուժերի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հանդիսավոր երթը՝ ՀՀ զինված ուժերի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ

Ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Առաջադրվում են նոր խնդիրներ` ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն ու սահմանված ժամանակահատվածում կատարելու համար: Այս ամենի արդյունքում կատարելագործվում են զինծառայողի մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվում է նրա մարտունակությունը:

Ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինծառայողներին իր բարեմաղթանքները հղելու նպատակով փետրվարի 15-ին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադ էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարար Օհանյանը փաստել է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների, ՀՀ շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի և առկա մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է ազգային և միջազգային երաշխիքների համադրմամբ ապահովել ընդհանուր անվտանգության մակարդակը, իսկ այդ գործում իր ուրույն դերն ունի խաղաղապահ զորախումբը:

Ըստ Սեյրան Օհանյանի` հայկական զինուժը խաղաղապահ առաքելություն առաջին հերթին իրականացնում է պետական սահմանում, և այդ փորձն է, որ հայկական բանակին հնարավորություն է տալիս երկրագնդի տարբեր հատվածներում նոր հաջողություններ արձանագրել, ապացուցել, որ հայկական զինուժը ոչնչով չի զիջում աշխարհի առաջատար բանակներին:

ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանն էլ հավաստել է, որ խաղաղապահ բրիգադը զինծառայողների արհեստավարժությունը առավել բարձրացնելու և միջազգային ասպարեզում նոր հաջողություններ արձանագրելու համար 2016 ուսումնական տարում իր համար որդեգրել է «Կերտում եմ խաղաղություն, պատրաստ լինելով պատերազմի» կարգախոսը, ուստի խաղաղապահները ջանք ու եռանդ չեն խնայելու առաջադրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարելու համար:

Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միջոցառում է կազմակերպվել նաև ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկում, որին ներկա է եղել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Համոզմունք հայտնելով, որ մեկնարկած ուսումնական տարին կամրապնդի նախկինում ձեռք բերվածը, Յուրի Խաչատուրովը զինծառայողներին մաղթել է նորանոր նվաճումներ, ձեռքբերումներ և հաջողություններ:

ԶՈւ ԳՇ պետն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայողի պարտքն է միացյալ ուժերով ուսումնական տարին ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության ամրապնդման, ինչի գրավականը անհատական մարտական պատրաստության աստիճանն է:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *