Իրադրությունը Սիրիայում, 05 սեպտեմբերի

Ռոյթերս գործակալությունը հայտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը Դամասկոսում հանդիպել է Միջազգային Կարմիր Խաչի կոմիտեի նախագահ Պիտեռ Մաուրերի հետ: Կարմիր Խաչի խոսնակ Հիչամ Հասանը հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել է հումանիտար օգնության ընդլայնման, ընդհարումների ժամանակ քաղաքացիների պաշտպանության և նրանց բուժ օգնության ցուցաբերման հետ կապված հարցեր: Կարմիր Խաչը նաև թույլատվություն է ստացել այցելելու ձերբակալված ապստամբներին: Հասանը ավելացրել է, որ հանդիպումը դրական է անցել:

***

Ըստ Նյու Յորք Թայմսի տեղեկությունների Իրանը հուլիսին վերսկսել է Իրաքի օդային տարածքով Սիրիային զենք և զինամթերքի մատակարարումը։

Տարվա սկզբին ԱՄՆ կառավարությունը ճնշումներ էր գործադրել Իրաքի վրա և օդային ճանապարհը փակվել էր: Դամասկոսում կատարված ահաբեկչական ակտից հետո, որի հետևանքով մահացան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, Իրանը վերսկսեց զենքի և զինամթերքի մատակարարումը:

Ըստ ամերիկյան պաշտոնյաների, Իրանը օգտագործում է կոմերցիոն Մահան Էյր ավիաընկերությունը: Պաշտոնյաներից մեկը նշել է, որ ամերիկացիները չգիտեն թե ինչ տեսակի բեռ է տեղափոխվում, քանի որ Իրանը մերժել է բեռը Իրաքում ստուգելու առաջարկը։ Ըստ նրա, հաշվի առնելով ինքնաթիռի տեսակը, ենթադրվում է, որ այն տակտիկական ռազմական տեխնիկա է փոխադրում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *