Նախորդ շաբաթ Պաշտպանության բանակում անցկացվել են դիպուկահար զինծառայողների հավաքներ, որոնք, ըստ ՊԲ «Գոյամարտ» հեռուստածրագրի, հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստության բաղկացուցիչներից են:
Հավաքների նպատակն է եղել կատարելագործել մասնակիցների մարտավարամասնագիտական ունակությունները, նշվում է հեռուստածրագրի՝ փետրվարի 13-ի թողարկման մեջ:
Հավաքների ընթացքում անցկացված պարապմունքների թեմաներն են եղել տեղանքում կողմնորոշումը, ճիշտ դիրքի ընտրությունը, դիտարկումը, նշանակետերի հետախուզումը, արդյունավետ կրակի վարելը և հակառակորդի համար անտեսանելի մնալը:
«Գոյամարտի» տեղեկություններով՝ այս հավաքները շարունակական են, և դրանց նպատակներից են հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներին պատրաստության բարձր մակարդակի վրա պահելը, որպեսզի նրանք ունակ լինեն գործելու բարդ իրավիճակներում:
Հիշեցնենք, որ հունվարին էլ Պաշտպանության բանակում անցկացվել են պահեստազորի դիպուկահարների վերապատրաստման հավաքներ, որոնց նպատակը պահեստազորայիններին նոր սպառազինությանը և նոր մարտավարությանը ծանոթացնելն է եղել:
2 responses to “Պաշտպանության բանակում անցկացվել են դիպուկահարների հավաքներ”